Զանգվածային թունավորում Տավուշում, հոսպիտալացվածների թվում երեխաներ կան

06.01.2021, 10:47
Զանգվածային թունավորում Տավուշում, հոսպիտալացվածների թվում երեխաներ կան
Զանգվածային թունավորում Տավուշում, հոսպիտալացվածների թվում երեխաներ կան

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերյանում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել։

Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել առ այն, որ 2020 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Նոյեմբերյանի տարածաշրջանի Նոյեմբերյան քաղաքի, Բաղանիս, Ոսկեվան, Կողբ և Կոթի բնակավայրերի 14 բնակչի մոտ արձանագրվել են աղիքային ինֆեկցիայի դեպքեր:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 7-ի մոտ հայտնաբերվել է շիգելլա զոնե, մյուս հետազոտություններն ընթացքի մեջ են:

Այս պահին հիվանդանոցային պայմաններում բուժում է ստանում 6 պացիենտ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար: 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլորն օգտագործել են Ջուջևան բնակավայրի մայրուղու հարևանությամբ գտնվող աղյուրի ջուրը:

«Հետազտությունների արդյունքում պարզվել է, որ ջուրը չի համապատասխանում սանիտարահամաճարակային կանոնների պահանջներին, ինչպես նաև հայտնաբերվել են ջերմակայուն կոլիֆորմ մանրէներ, ինչը վկայում է ջրի աղտոտվածության մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

ԱՆ–ից նաև հայտնում են, որ այս պահին նշված աղբյուրի ջրամատակարարումը դադարեցված է, աղտոտման պատճառների հայտնաբերման նպատակով աշխատանքներն ընթացքի մեջ են: Համայնքապետարանի կողմից պլանավորվում է իրականացնել նաև ջրամատակարարման կառույցների ախտահանման աշխատանքներ, իսկ աշխատանքների ավարտից հետո ջուրը կենթարկվի կրկնակի լաբորատոր հետազոտության հետագա օգտագործման հարցը որոշելու նպատակով:

Աշխատանքներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով, դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է բոլոր շահագրգիռ կողմերին, իսկ նշված բնակավայրերում բնակիչների շրջանում իրականացվել են իրազեկման աշխատանքներ: 

ՀՀ ԱԻՆ–ի հաղորդմամբ, հունվարի 5-ին, ժամը 15։00-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչ 2021 թվականի հունվարի 4-ը թունավորման նախանշաններով (ջրից) բժշկական կենտրոն են տեղափոխվել Այրում քաղաքի բնակիչներ՝ Գոհար (ծնված 2010 թ․) և Մարիամ (ծնված 1983 թ․) Մ․-երը, Կողբ գյուղի բնակիչներ Նարե (ծնված 2012 թ․), Մարիամ (ծնված 2017 թ.) Բ․-երը և Մարիամ Ջ․-ն (ծնված 2008 թ․), Ոսկեվան գյուղի բնակիչներ Նարե (ծնված 2006 թ․) և Ալեք (ծնված 2008 թ․) Ն․-երը, Բաղանիս գյուղի բնակիչներ Սիրուշ Ա․-ն (ծնված 1941 թ․), Հովհաննես Բ․-ն (ծնված 2015 թ․), Կոթի գյուղի բնակիչներ Դավիթ Ս․-ն (ծնված 1978 թ․), Ծովիկ (ծնված 1955 թ․), Ծովինար (ծնված 2008 թ․), Անիտա (ծնված 2006 թ․), Սուրեն (ծնված 2011 թ․) Մ․-երը և Բերդավան գյուղի բնակիչ Անգելինա Ք․-ն (ծնված 2019 թ․)։

«Մարիամ Բ․-ն, Նարե Ն․-ն, Մարիամ Ջ․-ն, Սիրուշ Ա․-ն, Հովհաննես Բ․-ն, Դավիթ Ս․-ն և Ալեք Ն․-ն ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–