Ընդդիմությունը հայտարարեց համազգային դիմադրության մեկնարկի մասին (ՈւՂԻՂ)

08.11.2021, 19:11
Ընդդիմությունը հայտարարեց համազգային դիմադրության մեկնարկի մասին.ՈւՂԻՂ
Ընդդիմությունը հայտարարեց համազգային դիմադրության մեկնարկի մասին (ՈւՂԻՂ)

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Հայաստան» ընդդիմադիր դաշինքն այսօր Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ հայտարարել է համազգային դիմադրության ձևավորման գործընթացի մեկնարկի մասին։

 - рис.1

«Այսօր այստեղ դրվում են ազգային դիմադրության հիմքեը։ Դիմադրություն, որը կկանխի Արցախում հայաթափումը, Հայաստանի «թուրքացումը» և նոր կապիտուլյացիան», – հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ դիմադրությունը պետք է ունենա երկու ճակատ` ներքին և արտաքին։

«Արտաքին ճակատում մենք ամբողջ աշխարհին և, մասնավորապես, մեր թշնամիներին պետք է ցույց տանք և ապացուցենք, որ Նիկոլը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խմբգր.) հայ ժողովրդի հավաքական կերպրի չէ և  չունի մանդատ երկիրը տանելու նոր զիջումների։ Այսօր այս հրապարակից մենք պետք է ձևավորենք այդ դիմադրությունը.իշխանությունների ստորագրած ցանկացած հակահայկական փաստաթուղթ անընդունելի է», – ասաց նա։

 - рис.2

Խոսելով երկրորդ ճակատի մասին` նա հայտարարեց, որ անհրաժեշտ է դրսևորել դիմադրություն ներքին կյանքում «բոլոր երևույթների նկատմամբ, որոնք քանդում են մեր պետությունն ու երկիրը»։

Սաղաթելյանը նշեց, որ Երևանում արդեն գործում են տեղեկատվական կետեր։ 

«Մենք օրեր հետո կհրապարակենք նաև մարզերում մեր հասցեները, որտեղ մեր քաղաքացիները կարող են կամավորագրվել հայրենիքի փրկության համար այս դիմադրության շարժմանը», –  ասաց Սաղաթելյանը։

Սաղաթելյանը հայտարարեց, որ «Հայաստան» խորհրդարանական խմբակցության գլխավոր նպատակն է լինելու սպասարկել և ուժեղացնել դիմադրության շարժումը։–0–