ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում վերանորոգվում են ստորգետնյա հետիոտնային անցումները, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Քաղաքացիների տեղաշարժը հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի միջոցներով մասնակի նորոգվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում գտնվող ստորգետնյա հետիոտնային անցումը: Թարմացվել է նաև լուսավորությունը:
«Այս տարվա ծրագրով նորոգվում են նաև Հալաբյան-Կիևյան, մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարան տանող, Ազատություն պողոտայի՝ Հաղթանակ զբոսայգու մուտքի հարակից ստորգետնյա անցումները», – նշվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Միաժամանակ քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին լինել ուշադիր, չվնասել և պահպանել համայնքային գույքը:–0–