Երևանում թափառող շներին կապահովեն կացարանով, կբուժեն և կստերջացնեն. Երևանի քաղաքապետարան (ՎԻԴԵՈ)

13.02.2019, 10:25
Երևանում թափառող շներին կապահովեն կացարանով, կբուժեն և կստերջացնեն:
Երևանում թափառող շներին կապահովեն կացարանով, կբուժեն և կստերջացնեն. Երևանի քաղաքապետարան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի ավագանին նախօրեին միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ստեղծման նախագծին։ Այս մասին Facebook–յան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Նրա խոսքով, կենտրոնը կունենա անասնաբուժական կլինիկա և կացարան:

«Երևանի տարբեր հատվածներից մասնագիտացված մեքենաները շներին կտեղափոխեն կենտրոն: Տեղում մասնագետները կզննեն, կպատվաստեն, կբուժեն և կստերջացնեն կենդանիներին», – նշել է Կարապետյանը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, անասնաբույժի ցուցումով շները կացարանում կմնան մի քանի ժամից մինչև մի քանի օր: Այնուհետ կհամարակալվեն և կհանձնվեն տարբեր ընտանիքների ու կազմակերպությունների խնամքին կամ բաց կթողնվեն նույն վայրեր:

«Ակնկալվում է, որ եթե նաև հարևան համայնքներում նմանատիպ ծրագրեր իրագործվեն, թափառող կենդանիների քանակը հասցնվի նվազագույնի», – նշել է Կարապետյանը։


Երևանի քաղաքապետարանը թափառող կենդանիների վերաբերյալ միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ մայրաքաղաքում այսօր թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի:

«Տարիներ շարունակ ոլորտում առկա խնդիրները լուծելու գործում ոչ հետևողական մոտեցումների պատճառով մայրաքաղաքում ստեղծվել է սուր իրավիճակ. ավելացել է անտուն շների քանակը, տեսակն էլ դարձել ավելի ագրեսիվ», – նշվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության հաղորդմամբ, այս տարի նախատեսվում է թափառող 6000 էգ շներից ստերջացնել 4500-ը, այսինքն` շուրջ 75 տոկոսը:–0–