Երևանում «դեղին ձնծաղկի» անվան տակ վաճառվում են Կարմիր գրքում գրանցված ծաղիկներ, դրանց մեկ հատիկը հավաքելու համար սահմանված է տուգանք

09.02.2021, 18:14
Երևանում «դեղին ձնծաղկի» անվան տակ վաճառվում են Կարմիր գրքում գրանցված ծաղիկներ, դրանց մեկ հատիկը հավաքելու համար սահմանված է տուգանք, հնարավոր է նաև քրեական պատասխանատվության սահմանում

Երևանում «դեղին ձնծաղկի» անվան տակ վաճառվում են Կարմիր գրքում գրանցված ծաղիկներ, դրանց մեկ հատիկը հավաքելու համար սահմանված է տուգանք
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Վերջին օրերին Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ մայրաքաղաքի փողոցներում 250-300 դրամով վաճառվում է «դեղին ձնծաղիկը»՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկը։

Նախարարությունից նշում են, որ այն կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանի մեկ աճելավայրից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում: Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Շտերնբերգիա Ֆիշերը Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում:

Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600-800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, խոտածածկ, անտառային լանջերին, շիբլյակում: Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում` մայիսին: Ծաղիկները հայտնվում են վաղ գարնանը տերևների հետ միասին:

Նախարարությունից հիշեցնում են, որ Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։

Մասնավորապես՝ կրիտիկական վիճակում գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ 200 000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։–0–