Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ընդդիմությունից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ։
Մանուկյանի հայտարարությունը հրապարակվել է «Հայրենիք փրկության շարժում» նախաձեռնության Facebook–յան էջում։
«Մենք բարձր ենք գնահատում ռուսական խաղաղապահ զորքերի առաքելության իրականացումն Արցախում, սակայն որևէ երկրում խաղաղապահ զորքերը միայնակ չեն կարող ապահովել սահմանների և բնակչության լիարժեք պաշտպանությունն ու անվտանգությունը՝ առանց տեղի զինված ուժերի։ Այդ մասին են վկայում երեկ Արցախում տեղի ունեցած զարգացումները, որոնք խիստ մտահոգիչ են»,– նշել է Մանուկյանը։
Նա նշել է, որ Հայաստանում և Արցախում այսօր պետական համակարգերը կաթվածահար են և իրենց անգործությամբ ու բանակի պարտականությունները խոչընդոտելով՝ հնարավորություն չեն տալիս զինված ուժերին կատարել իրենց ուղիղ գործառույթները՝ պաշտպանել Հայաստանի, Արցախի սահմաններն ու խաղաղ բնակչությանը։
«Հայաստանի օրվա քաղաքական իշխանության կասկածելի անտարբերությունը, իսկ առանձին դեպքերում՝ կանխամտածված վարքագիծը, թույլ չեն տալիս ՀՀ զինված ուժերին կատարել իրենց պարտքը Հայրենիքի հանդեպ։ Կոչ ենք անում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների զինված ուժերի ղեկավարությանը, համագործակցելով ռուսական խաղաղապահ զորքերի հետ, ընդունել անհրաժեշտ որոշումներ՝ ապահովելու համար մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաև կանխելու Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի եռակողմ հայտարարության խախտումները։ Ակնկալում ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունից՝ ակտիվ ջանքեր գործադրել և կատարել իրենց առաքելությունը։ Հարգելի՛ հայրենակիցներ, այս իշխանությունների հեռացումը քաղաքական ու պետական օրակարգի թիվ մեկ հարցն է։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը մեր անվտանգության ապահովման գլխավոր երաշխիքն է և մեր արժանապատվության վերականգնման միակ հնարավորությունը։ Միացե՛ք Հայրենիքի փրկության շարժմանը», – նշվում է Մանուկյանի հայտարարության մեջ։
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։ Ադրբեջանական կողմի գործողություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։
Հադրութում իրավիճակի սրացման մասին
Խոսքը Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի տարածքի մասին է, բացառությամբ` երկու բնակավայրերի (Հին Թաղեր և Խծաբերդ, խմբգր.), որոնք մնում են հայկական ուժերի վերահսկողության տակ։
ԶԼՄ–ներում և սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն, նախօրեին ուշ երեկոյան Երևանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրատապ նիստը։ Ենթադրվում էր, որ նիստի արդյունքում կհրապարակվի հայտարարություն հասարակության համար, սակայն ոչինչ չհրապարակվեց։
Այսօր առավոտյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում դիմել է ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին՝ անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև նշված բնակավայրերի պաշտպանության և զինադադարի արդյունավետ պահպանման համար հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Միաժամանակ Հանրապետության նախագահը դիմել է ՀՀ ԱԺ-ին՝ շտապ գումարել ԱԺ արտահերթ նիստ, որը կքննի Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները։–0–