Թաթոյանը Երասխում է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքների նպատակով գտնվում է Երասխում (ՀՀ Արարատի մարզ):
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը:
«Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ Երասխի հատվածում ադրբեջանական պարբերական դարձած կրակոցներից հուլիսի 14-ին զոհվել է ՀՀ զինված ուժերի ծառայող», – նշվում է Թաթոյանի հայտարարության մեջ:
Այցի արդյունքները կամփոփվեն` արձանագրելով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: Առանձին զեկույցով մանրամասները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան մարմիններին:
Նշենք, որ արդեն մի քանի օր է` լարված իրավիճակ է հայ–ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Նախօրեին երեկոյան ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը։ Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ գիշերը մինչև ժամը 02:00-ն Ադրբեջանը շարունակել է գնդակոծել հայկական դիրքերը.վիրավորվել է Երասխի գյուղապետը։
Երասխ գյուղը գտնվում է Արարատի մարզում։ Հարավից անմիջապես սահմանակից է հայ-ադրբեջանական շփման գծին։ Բնակավայրով է անցնում Երևանը Իրանի սահմանին կապող միջպետական Մ 2 ավտոմոբիլային ճանապարհը, որը Հայաստանի հյուսիսն ու հարավը կապող հանգույց է։ Հայ-ադրբեջանական շփման գծի Երասխի հատվածում բնակավայրը սահմանակից է Ադրբեջանի Հանրապետության ենթակայության ներքո գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Հեյդարաբադ բնակավայրին։ Երասխ գյուղից դեպի արևմուտք է գտնվում հայ-թուրքական շփման գիծը։–0–