Շուռնուխում սոցիալական խնդիրներին ավելացել է անվտանգության խնդիրը. Հանրապետության նախագահն ու ՄԻՊ–ը հանդիպել են բնակիչներին (ՖՈՏՈ)

20.04.2021, 12:04
ՄԻՊ–ը վերահաստատել է Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը. ՖՈՏՈ
Շուռնուխում սոցիալական խնդիրներին ավելացել է անվտանգության խնդիրը. Հանրապետության նախագահն ու ՄԻՊ–ը հանդիպել են բնակիչներին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության նախագահը ու Մարդու իրավունքների պաշտպանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել են Շուռնուխ գյուղ, հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–յան էջում: 

Բնակիչները` որպես գլխավոր խնդիր, բարձրացրել են անվտանգության ապահովումը, որն առաջացել է իրենց անմիջական հարևանությամբ` համայնքի ճանապարհին ադրբեջանական զինվորականների ապօրինի ներկայության պատճառով: Այդ ֆոնին առկա են նաև սոցիալական չլուծված խնդիրներ: 

Պատերազմից հետո սահմանների հետ կապված գործընթացի արդյունքում մարդիկ զրկվել են բնակարաններից, հողատարածքներից ու արոտավայրերից: 

Ադրբեջանական ներկայության պատճառով բնակարաններից զրկված մարդիկ բարձրացրել են նոր բնակարանների կառուցման հարցում առաջ եկած խնդիրներ: 

«Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը», – նշվում է հաղորդագրության մեջ: 

ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ:–0–