Սկանդալային տեսանյութի հետքերով. հարուցվել է քրգործ, ՀՔԾ–ն խնդրանքով դիմել է քաղաքացիներին

26.11.2019, 10:15
Սկանդալային տեսանյութի հետքերով. հարուցվել է քրգործ, ՀՔԾ–ն խնդրանքով դիմել է քաղաքացիներին
Սկանդալային տեսանյութի հետքերով. հարուցվել է քրգործ, ՀՔԾ–ն խնդրանքով դիմել է քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2019թ. նոյեմբերի 21-ին «NewsMedia.am» լրատվական գործակալության կողմից հրապարակված` «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) հարուցված քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում տեսանյութում երևացող` բռնության ենթարկված քաղաքացու ինքնությունը պարզելու և դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով, հաղորդում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

«Հաշվի առնելով վերոգրյալը` դեպքի և տեսանյութում երևացող քաղաքացու վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձանց խնդրում ենք դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա) կամ զանգահարել (+374)11 900 019 հեռախոսահամարով: Միաժամանակ հայտնում ենք, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարող է ապահովել քրեական գործով կարևոր տեղեկություններ հայտնած անձի գաղտնիությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21–ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–յան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները, բռնի ուժ կիրառելով քաղաքացու նկատմամբ, փորձում ցուցմունք կորզել։ Թաթոյանը նշել է, որ տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ, ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։–0–