Սահմանվել են տրանսպորտից և տաքսիներից օգտվելու նոր կանոններ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 18–ին Հայաստանում երկարատև դադարից հետո գործարկվում է տրանսպորտային համակարգը։
Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ նշեց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, բավականին խիստ կանոններ են սահմանված հասարակական տրանսպորտի նկատմամբ, որում սկզբնական շրջանում արգելվելու է կանգնած ուղևորների տեղափոխումը, եթե տրանսպորտային միջոցի երկարությունը 9 մետրից պակաս է։
«Հանրային տրանսպորտում` մուտքի մոտ, պետք է լինեն ախտահանիչ միջոցներ։ Տրանսպորտով երթևեկելու համար պետք է պարտադիր կրել պաշտպանության անհատական միջոցներ` դիմակներ և ձեռնոցներ, տրանսպորտ մտնելիս պետք է պարտադիր ախտահանել ձեռքերը», – ասաց Սիմոնյանը։
Նա նև նշեց, որ արգելվելու է տրանսպորտ թողնել այն ուղևորներին, ովքեր չունեն ձեռնոցներ և դիմակներ։
«Կանոնները խիստ են, վերահսկողությունը ևս խիստ է լինելու, կանոնների կատարման համար պատասխանատու բոլոր գերատեսչություններն իրականացնելու են խիստ հսկողություն», – ասաց Սիմոնյանը։
Փոխնախարարի խոսքով, տաքսու ուղևորներն իրավունք չունեն նստել առջևի նստատեղում։
«Կանոնները մշակվել են տարբեր գերատեսչությունների հետ, և եթե նախատեսված է, որ վարորդի կողքին նստել չի կարելի, ապա դա արվել է` հաշվի առնելով որոշակի ռիսկերը։ Հետևի նստատեղին նստելը պակաս ռիսկային է, քան վարորդի անմիջապես կողքը», – ասաց Սիմոնյանը։
Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:
Հայաստանում մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով: -0-