Ռուս սահմանապահները հեռացել են Ագարակից․ այսօրվանից սահմանային անցակետը վերահսկելու են միայն ՀՀ սահմանապահ զորքերը

30.12.2024, 22:36
Փաշինյանը հայտնել է, որ այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ Սահմանապահ զորքերի ծառայողները
Ռուս սահմանապահները հեռացել են Ագարակից․ այսօրվանից սահմանային անցակետը վերահսկելու են միայն ՀՀ սահմանապահ զորքերը

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշել է, որ մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի ծառայողները։ 

«Ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցած ծառայության համար: Իսկ այսօրվանից սահմանապահ վերահսկողությունը ստանձնած մեր սահմանապահներին հաջողություն և բարի ծառայություն եմ մաղթում», – գրել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։ 

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հայտնել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից Իրանի հետ սահմանին գտնվող Ագարակի սահմանային անցակետում սահմանային ծառայությունն ամբողջությամբ կիրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը։ 

2024 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը կմասնակցի Իրանի և Թուրքիայի հետ պետական ​​սահմանների պաշտպանությանը։ Միաժամանակ հստակեցվել է, որ Իրանի հետ սահմանի անցակետում ծառայելու են միայն հայ սահմանապահները։