Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

19.12.2019, 21:03
Ռազմիկ Աբրահամյանը հոսպիտալացվել է. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» (Հանրապետական ծննդատուն) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել։ 

Ինչպես Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը, Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (Առևտրային կաշառքը): 

«Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ», – նշվում է Հարությունյանի գրառման մեջ: 

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Աբրահամյանը երեկ երեկոյան սրտի գանգատներով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ– ի վերակենդանացման բաժանմունք։ 

Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է նախօրեին՝ օտարերկրյա որդեգրումների գործընթացում առկա չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում։ Նույն գործի շրջանակում ձերբակալվել են նաև Աբրահամյանի տեղակալ Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը և ևս մեկ քաղաքացի:–0–