ՌԴ–ում հայկական համարանիշերով մեքենաների համար ստեղծվում են լուրջ խնդիրներ. Մարուքյանը դիմել է փոխվարչապետին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունից իրեն են փոխանցվում տեղեկություններ և տեսանյութեր այն մասին, որ այնտեղ հայկական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերի համար ճանապարհային ոստիկանության աշխատողների կողմից ստեղծվում են լուրջ խնդիրներ։
«Մասնավորապես, նրանք տուգանվում են, մեքենաներն անգամ շենքերի բակերից, ինչպես նաև փողոցներից տարվում են տուգանային հրապարակ, եթե անձը չունի ինչ-որ ժամանակավոր թույլտվություն։ Խոսքը, ըստ որոշ տվյալների, ժամանակավոր ներմուծման (ռուս․՝ временный ввоз) հետ կապված մաքսային փաստաթղթերի մասին է», – նշել է պատգամավորը Facebook–յան իր էջում:
Նրա խոսքով որևէ մեկը նախապես չի տեղեկացվել նման փաստաթղթի վերաբերյալ պահանջի մասին։
«Նման գործողություններն արմատապես հակասում են ԵԱՏՄ շրջանակներում ձեռքբերված համաձայնություններին և ինքնին ԵԱՏՄ գաղափարին։ Հայկական պետհամարանիշերով մեքենաների նկատմամբ իրականացվող գործողությունները կոպիտ կերպով հակասում են նաև ռուսական ներպետական օրենսդրությանը», – ընդգծել է Մարուքյանն` ավելացնելով, ո այս կապակցությամբ դիմել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
«Գրության այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կից նկարում։ Պատասխանն ստանալուն պես, այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում», – եզրափակել է Մարուքյանը։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, Ռուսաստանում սկսել են առգրավել հայկական համարանիշերով մեքենաները։ Հայաստանում հաշվառման մեջ գտնվող, բայց ռուսաստանցիների սեփականությունը համարվող մեքենաների արգելքը տարածվել է 2017–2020թթ.–ին ձեռք բերված 200 հազար մեքենաների վրա։ Ըստ հրապարակման, մինչև վերջերս որևէ խնդիր չէր առաջանում` կապված ՌԴ–ում հսյկական համարանիշերով մեքենաների հետ, սակայն վերջերս և′ մաքսային մարմինները, և′ ՌԴ ՃՈ–ն հանկարծ սկսել են պահանջներ ներկայացնել։–0–