Քրեական վարույթ է նախաձեռնվել Կոտայքում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ

02.12.2022, 12:47
Նախօրեին ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Քրեական վարույթ է նախաձեռնվել Կոտայքում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասով սույն թվականի դեկտեմբերի 1-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Կոտայքի մարզում ինքնաթիռի վթարի ենթարկվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 14.00-ի սահմաններում, «B-55» մոդելի ինքնաթիռը վայր է ընկել Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում գտնվող ավազի հանքի տարածքում և այրվել, որի հետևանքով ինքնաթիռում գտնվող 2 անձ տեղում մահացել է:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է վթարված, այրված թեթև մարդատար ինքնաթիռ, 2 անձի մոխրացած դիակ և այլ իրեր։ Նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն, ստեղծվել է քննչական խումբ:

Տեղեկատվական պահանջ է ներկայացվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե` վթարի ենթարկված վերը նշված ինքնաթիռի տեսակի, պատկանելիության, ՀՀ մուտք գործելու, ՀՀ-ում տեղակայվելու հանգամանքների, օդաչուի, ուղևորի ինքնությունների և մի շարք այլ տվյալների վերաբերյալ:

Ձեռնարկվելու են նաև անհրաժեշտ միջոցներ սահմանված ընթացակարգով ինքնաթիռի վթարման պատճառները, դրա հետ կապված հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-