Քրեական գործ է հարուցվել. քննվում են նախագահական օդանավի` Բադեն–Բադեն կատարած չվերթերը

12.10.2021, 15:37
Քրեական գործ է հարուցվել. քննվում են նախագահական օդանավի` Բադեն–Բադեն կատարած չվերթերը
Քրեական գործ է հարուցվել. քննվում են նախագահական օդանավի` Բադեն–Բադեն կատարած չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ծրագրերի համակարգող Դ. Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ նախագահին սպասարկելու նպատակով տրամադրված ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է մի շարք չվերթներ, հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը։

«Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել, որ վերոհիշյալ ժամանակահատվածում նշված ինքնաթիռը բազմաթիվ չվերթներ է իրականացրել դեպի Գերմանիայի Դաշնության Բադեն-Բադեն քաղաք (Կարլսռուհե օդանավակայան), որոնցից մի մասի դեպքում չվերթները կազմակերպվել են սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ՀՀ նախագահի աշխատակազմից նախապես ստացված գրավոր հայտերի», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

2008–2017թթ.–ին ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանը։

ՀՔԾ–ի հաղորդագրության մեջ նշվում է, որ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերը պարունակում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման առերևույթ հանցագործության մասին տվյալներ, ուստի նյութերի հիման վրա 11.10.2021 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Կատարվում է նախաքննություն:

Սկանդալի հետքերով

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Ազատություն» ռ/կ–ն, հղում անելով FIP.am հետաքննություններ իրականացնող կայքին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ամեն տարի կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին մեկնել է գերմանական Բադեն-Բադեն քաղաք:

Փաստերի ստուգման հարթակի հետաքննության համաձայն, Սարգսյանը պաշտոնավարման տասը տարիների ընթացքում գերմանական առողջարանային այդ քաղաք է մեկնել ավելի քան 16 անգամ։ Հարթակը, փաստեր ներկայացնելով, նաև պնդում է, թե երրորդ նախագահը Բադեն-Բադենում է եղել նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ ապրիլի 5-ին։ Ըստ հետաքննության, Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ին ու 7-ին դեպի Գերմանիա նախատեսված պաշտոնական այցը օգտագործել է կրկին Բադեն-Բադեն այցելելու համար։

Մինչդեռ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, որը հետաքննության հրապարակումից ժամեր անց ֆեյսբուքյան գրառմամբ հանդես եկավ, հայտարարում է, թե Բեռլին կատարած պաշտոնական այցից առաջ Բադեն-Բադեն մեկնելու մասին պնդումը բացարձակ ապատեղեկատվություն է։

FIP.am-ին թռիչքների վերաբերյալ տվյալներ է տրամադրել Քաղավիացիայի կոմիտեն, այդ ցուցակում ներկայացված են նախագահի աշխատակազմի հայտերի հիման վրա 2008-ի հունվարի 1-ից 2018-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված թռիչքների ցանկը։ Երրորդ նախագահի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը նշում է, թե Քաղավիացիայի կոմիտեի տրամադրված տեղեկանքը միտումնավոր կերպով կամ անփութության պատճառով ճշգրիտ չէ։

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ընդդիմադիր շրջանակների կողմից բազմաթիվ էին պնդումները, թե նախագահը Բադեն-Բադեն է մեկնում ու այնտեղ խաղատներ այցելում։ Սարգսյանը բազմիցս հերքել է այդ պնդումները։

Շաբաթներ առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով Սարգսյանի նախագահության տարիներին գտնվում էր հետախուզման մեջ 2008թ.–ի մարտի 1–ի իրադարձություններից հետո,  հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանը ավելի քան 100 միլիոն դոլար գումար է տանուլ տվել խաղատներում։ Սարգսյանի փաստաբանն արդեն դատական հայց է ներկայացրել պատգամավոր դեմ` պահանջելով հերքել Սարգսյանի բարի համբավը արատավորող տեղեկատվությունը։

Մեղադրանքների փոխանակում Փաշինյանի և Սարգսյանի միջև

2021թ.–ի հունիսին սկանդալ էր հասունացել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, ով հայտարարել էր, որ Սարգսյանն իբր Մոնտե Կառլոյի խաղատանը պարտվել է զինվորներից գողացված փողերը։ Դրան ի պատասխան` Սարգսյանը սպառնացել էր Փաշինյանին հրապարակել «կոմպրոմատ», եթե նա չհաստատի իր խոսքերը։ Փաշինյանն այդպես էլ չներկայացրեց ապացույցներ, բայց շարունակում է մեղադրանքներ հնչեցնել Սարգսյանի հասցեին։ Մասնավորապես, հոկտեմբերի 6–ին նա ԱԺ–ում հայտարարեց. «Կարելի է հաշվել, օրինակ, ինչ ծավալների ներդրումներ են արվել Շուշիում և ինչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն-Բադենում»։–0–