Քոչարյանը խոսել է քաղաքական ծրագրերի և ընդդիմության ձևաչափի մասին

04.03.2021, 14:02
Ռոբերտ Քոչարյանը խոսել է քաղաքական ծրագրերի և ընդդիմության ձևաչափի մասին
Քոչարյանը խոսել է քաղաքական ծրագրերի և ընդդիմության ձևաչափի մասին
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի նախատեսում առաջիկայում գլխավորել ընդդիմադիր շարժումը։

Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Այսօր ընդդիմությունը մշակել է ձևաչափ, որն իմաստ չունի փոխել։ Նրան հաջողվել է իր շուրջը համախմբել մեր հասարակության զգալի մասին։ Ես աջակցում եմ այդ ձևաչափին», – ասել է Քոչարյանը։

Նա նաև նշել է, որ այս պահին չի նախատեսում գլխավորել որևէ կուսակցություն, բայց և չի բացառում։

Քոչարյանը նշել է, որ աջակցում է ընդդիմադիր շարժման ձևաչափին և Վազգեն Մանուկյանին` որպես ընդդիմության առաջնորդ։

«Աջակցում եմ ձևաչափին, որը ստեղծել է ընդդիմադիր շարժումը, և չեմ կարծում, որ այն պետք է վերանայել։ Վազգեն Մանուկյանն արժանի մարդ է, և նա պատրաստ է իր վրա վերցնել առաքելությունը մեկ տարով, եթե ամեն ինչ ընթանա ընդդիմության պլանով, և նա գլխավորի ժամանակավոր կառավարությունը։ Եվ սա ծանրագույն բեռ է այս իրավիճակում», – ասել է Քոչարյանը։

Նշենք, որ այսօր քրեական գործ է հարուցվել Մանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Մանուկյանը հայտարարել է, որ սա սովորական քաղաքական հետապնդում է։–0–