Քոչարյան. հայ-ադրբեջանական սահմանային դելիմիտացիան այս պահին կարող է խնդիրներ ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում (ՎԻԴԵՈ)

25.05.2021, 13:54
Քոչարյանը հայտարարեց, որ այն շտապողականությունը, որ ադրբեջանական կողմը ցուցաբերում է հիմա, կապված է Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի վրա ազդեցություն ունենալու հետ.ՎԻԴԵՈ
Քոչարյան. հայ-ադրբեջանական սահմանային դելիմիտացիան այս պահին կարող է խնդիրներ ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայ–ադրբեջանական սահմանային դելիմիտացիան այս պահին կարող է որոշակի խնդիրներ ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում, հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Կարծում եմ` այն շտապողականությունը, որ ադրբեջանական կողմը ցուցաբերում է հիմա, կապված է Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի վրա ազդեցություն ունենալու հետ», – ասաց նա «Հայաստան» դաշինքի առաջնորդների ճեպազրույցի ժամանակ։

Քոչարյանը կարծում է, որ դելիմիտացիայից պետք չէ չափից շատ վախենալ, պարզապես այս պահին դա բավականին խնդրահարույց է։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ (ներառված է «Հայաստան» դաշինքում), Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն իր հերթին հայտարարեց, որ իրավիճակը Սյունիքում շարունակում է մնալ կայուն լարված։

«Եթե մի քիչ էլ այսպես մնա, կարծում եմ, սյունեցիները կսկսեն համակերպվել, որ մեր տարածքում, մի քանի կմ հեռավորության վրա տեղաբաշխված են Ադրբեջանի զինված ուժերը»,  – հայտարարեց նա։

Հակոբյանի խոսքով, Հայաստանի իշխանություններն արդեն իսկ կորցնում են վերահսկողությունը, և բանակցային գործընթացը մտնում է փակուղի, եթե արդեն չի մտել։ 

«Ես շարունակում եմ պնդել, որ այնտեղ հիմա տեղաբաշխված է 1000-ից ավել ադրբեջանական զինուժ», – հայտարարեց նա։

ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 23–ին հայտարարեց, որ մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանու իրականությանը

Մայիսի 20–ին կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մոտ 500–600 ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքի տարբեր հատվածներում։–0–