ՔՊ–ն ներգրավվել է որպես 3–րդ անձ ՍԴ–ում ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով դատավարությանը

07.07.2021, 14:03
«Քաղաքացիական պայմանագիրը» սեփական դիմումի հիման վրա ներգրավվել է որպես 3–րդ անձ ՍԴ–ում ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով դատավարությանը
ՔՊ–ն  ներգրավվել է որպես 3–րդ անձ ՍԴ–ում ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով դատավարությանը

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ, ներգրավվել է որպես երրորդ անձ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրու թյունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դատավարությանը։ Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Facebook–յան իր էջում։ 

«Առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը ներկայացված դիմումների կապակցությամբ», – նշել է Բադասյանը։

ՍԴ–ն հուլիսի 9–ին կքննի  խորհրդարանական ընտրություները վիճարկելու մասին 4 քաղաքական ուժերի դիմումները։ Սահմանադրական դատարանը որոշել է միավորել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, ինչպես նաև «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դրանք վերաբերում են նույն վեճին։ Բոլոր դիմումները քննվելու են դատարանի նույն նիստում։

Միավորված գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։–0–