Փորձել եմ վերադասին ներկայացնել իրավիճակը, բայց ոչ մի օգնություն չի եղել.62 զինվորների գերեվարման համար մեղադրվող փոխգնդապետ (ՎԻԴԵՈ)

30.08.2021, 12:53
Հին Թաղերում և Խծաբերդում 62 զինվորների գերեվարման համար մեղադրվող փոխգնդապետը ներկայացնում է դեպքի մանրամասներ, ի՞նչ է կատարվել իրականում.ՎԻԴԵՈ
Փորձել եմ վերադասին ներկայացնել իրավիճակը, բայց ոչ մի օգնություն չի եղել.62 զինվորների գերեվարման համար մեղադրվող փոխգնդապետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Փոխգնդապետ Արսեն Ղազարյանին մեղադրում են իր ենթակայության տակ գտնվող 62 զինծառայողների նահանջը չկազմակերպելու մեջ:

Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման և 62 ՀՀ անձանց գերեվարման համար մեղադրվող փոխգնդապետ Արսեն Ղազարյանի փաստաբանական խումբն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց մեղադրանքի մանրամասները։

«Շատերը հավանաբար կարծում են, որ Հին Թաղերի ու Խծաբերդի հանձնման ու 62 անձի գերեվարման մեջ մեղավոր են քաղաքական կամ զինվորական իշխանության բարձրագույն մարմինները՝ վարչապետ, պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ կամ գոնե կորպուսների, գնդերի հրամանատարներ, սակայն իրականում այդպես չէ: Իրավապահ մարմինները գտնում են, որ այդ ամենի մեղավորը Արսեն Ղազարյանն է։ Ըստ իշխանության՝ Արսեն Ղազարյանն այդ ամենի միակ պատասխանատուն է»,- նշեց փաստաբաններից մեկը։

Այնուհետև փաստաբանը ներկայացրեց գյուղերի վրա հարձակմանը վերաբերող իրադարձությունները, որոնց էլ առնչվում է մեղադրանքը:

«Պատերազմից հետո դեկտեմբերին Արսեն Ղազարյանն իր ենթակա շուրջ 100 անձից կազմված զորամիավորմամբ մեկնել է Հին Թաղերի ու Խծաբերդի հատված ու տեղաբախշվել ըստ վերադասի տված հրամանի։ Դա եղել է վերևից եկած հրաման, որը Արսեն Ղազարյանը կատարել է»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ տեղաբաշխումից հետո Արսեն Ղազարյանը խմբի հետ գտնվել է այդ գյուղերի հատվածներում, իսկ այդ 62 անձը` ավելի բարձր դիրքերում, սակայն նրանց հետ կապը կտրվել է, քանի որ Արսեն Ղազարյանին տրված կապի միջոցները չեն գործել՝ եղել են կարճալիք ։

Նա հավելեց նաև, որ Խծաբերդի ու Հին Թաղերի վրա հարձակոււմը եղել է դեկտեմբերի 13-ին։ Ու այստեղ կա կարևոր հանգամանք, որին ուշադրություն չի դարձվում:

«Պատահականորեն դեկտեմբերի 13-ին հայկական կապի օպերատորները բջջային կապն անջատում են՝ այսինքն դեպքի օրը բջջային կապ չի եղել։ Հիմա հարց՝ Արսեն Ղազարյանն ունի՞ այն հնարավորություններ, որ օպերատորներին ստիպի անջատել կապը։ Այստեղ է, որ թաքնված է շան գլուխը»,-նշեց փաստաբանը:

 Փաստաբանի խոսքով՝ դատական գործը վերադարձվել է Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Դատական նիստը տեղի է ունենալու վաղը:

«Եվ եթե դատարանը իրավական կամք չցուցաբերի, Արսեն Ղազարյանին այսօր մենք վերջին անգամ կտեսնենք ազատության մեջ»,-ասաց փաստաբանը:

Փաստաբան Սյուզաննա Խչեյանի խոսքով էլ՝ վարույթ իրականացնող մարմինը, նախաձեռնեց մի վարույթ, որի նպատակն էր լռեցնել տուժածների հարազատներին:

«Եվ մեզ, որպես ողջամիտ վարկած, մնում էր մեկ հանգամանք, որ տուժողների հարազատները տեղեկացվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից, ավելին նրանք հենց նրանց ազդեցությամբ էլ հավաքվել էին և բողոքի ակցիա էին իրականացրել»,-ասաց Սյուզաննա Խչեյանը:

Փոխգնդապետ Արսեն Ղազարյանն էլ նշեց, որ մարտական հերթապահության մեկնելուց առաջ իրենց մարտական խնդիրներ չեն առաջադրվել, ինֆորմացիա չի տրամադրվել հակառակորդի գտնվելու վայրի, սպառազինության մասին, համապատասխան կապի միջոցներ չեն տրամադրվել:

«Փորձել եմ վերադասին ներկայացնել իրավիճակը, բայց ոչ մի օգնություն չի եղել, մենք էլ ամեն ինչ արել ենք, որ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքը չհանձնենք»,-ասաց Արսեն Ղազարյանը:–0–