Պեսկովը պարզաբանել է` արդյոք փաստաթուղթ ստորագրվելու՞ է Փաշինյան–Պուտին հանդիպման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպման ժամանակ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը, բայց որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Լրագրողները Կրեմլի ներկայացուցչի ուշադրությունն են հրավիրել հայկական ԶԼՄ–ներում տեղ գտած հրապարակումների վրա այն մասին, որ երկու երկրների առաջնորդները հանդիպման ժամանակ կարող են քննարկել Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման տարբերակները և ստորագրել համապատասխան փաստաթուղթ։
«Այդ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը», – ասել է Պեսկովը։
«Իհարկե, քննարկվելու են և Ղարաբաղը, և ռուս զինվորականները, որոնք հիմա այնտեղ տեղակայված են, և երկկողմ հարաբերությունները։ Բայց որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում», – ընդգծել է նա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին։
«Սա առաջին օտարերկրյա այցն է, որը Փաշինյանը կատարում է խորհրդարանական ընտրություններում վստահ և համոզիչ հաղթանակից հետո (իր կուսակցության)», – նշել է Պեսկովը։
«Երկկողմ հարաբերությունների ծավալը մեծ է, խոսելու բան կա», – նշել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։–0–