Պատերազմի սպառնալիք միշտ էլ կա, սակայն չեմ կարծում, թե մոտ ժամանակահատվածում կարող է պատերազմ լինել.Օհանյան

08.10.2021, 14:50
Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ պատերազմի սպառնալիք միշտ էլ կա, բայց չի կարծում, թե մոտ ժամանակահատվածում կարող է պատերազմ լինել
Պատերազմի սպառնալիք միշտ էլ կա, սակայն չեմ կարծում, թե մոտ ժամանակահատվածում կարող է պատերազմ լինել.Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, թեև կարծում է, որ պատերազմի սպառնալիք միշտ էլ կա, սակայն չի կարծում, թե մոտ ժամանակահատվածում կարող է պատերազմ լինել:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օհանյանը նման տեսակետ է հայտնել խորհրդարանական ճեպազրույցում:

«ՀՀ իշխանությունների՝ անվտանգության միջավայրի փխրունության աստիճանի գնահատականը դեռևս մենք չունենք, ես նկատի ունեմ նաև այն սպառնալիքները, որոնք կան տարածաշրջանում, հատկապես տարածաշրջանային լայն նկրտում ունեցող երկրների՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական, նաև Հարավային Կովկաս ներխուժման հետ կապված բոլոր խնդիրները: Ես գտնում եմ, որ նաև այդ տանդեմի ծավալապաշտությունն է, որ ստիպել է Իրանին իր սահմաններում անվտանգության ապահովման ուղղությամբ զորավարժություններ անցկացնել»,- ասել է Օհանյանը:

Նա շեշտել է՝ Իրանն այն երկիրն է, որի հետ ՀՀ-ն ունի դարավոր բարեկամական հարաբերություններ, նաև Հայաստանի համար արտաքին աշխարհ դուրս գալու երկու ուղղություններից մեկն է, հետևաբար ՀՀ-ն պարտավոր է Իրանի հետ համապատասխան հարաբերություններ ձևավորել՝ տարբեր ոլորտներում, նաև տնտեսական հարաբերությունների զարգացման առումով:

«Ռեալ գնահատական տալու, պատերազմական գործողությունների սկսման շուրջ եզրակացություններ անելու համար պետք է լիարժեք տիրապետել այն խնդիրներին, որոնք կան Անվտանգության խորհրդում, ՊՆ-ում, ԳՇ-ում: Ես կարծում եմ, որ պատերազմի սպառնալիքը միշտ էլ կա, բայց չեմ կարծում, թե այս իրավիճակում մոտ ժամանակահատվածում պատերազմ կլինի»,- ասել է Օհանյանը:–0–