Փաշինյանը նշեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պայմաններն ու ժամկետը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր ԱԺ–ում պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց, որ եթե խորհրդարանական ընդդիմությունն ընդունի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը, ապա դրանք տեղի կունենան համաձայնեցված ժամկետներում` 2021թ.–ին։
Նրա խոսքով, ընտրությունները հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց են։
«Կառավարությունը ու նաև քաղաքական ուժերը պետք է լինեն երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի ունենան ազատ, արդար, օրինական պայմաններում։ Եթե մեր խորհրդարանական ընդդիմության գործընկերներն ընդունեն առաջարկը, մենք կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ համաձայնեցված ժամկետներում: Ես արդեն հրավեր հղել եմ առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին, և ես պլանավորում եմ առաջիկա օրերին հանդիպել և հույս ունեմ, որ այդ համաձայնությունը ձեռք կբերվի», – նշեց վարչապետը։
Մարտի 1–ին կայացած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։–0–