Փաշինյանը մեկնաբանել է նախօրեին Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը (ՎԻԴԵՈ)

10.06.2021, 19:58
Փաշինյանը մեկնաբանել է նախօրեին Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը.ՎԻԴԵՈ
Փաշինյանը մեկնաբանել է նախօրեին Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Սպիտակ համայնքում նախընտրական քարոզարշավի ընթացքում  մեկնաբանել է նախօրեին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել է խոստացած ձայնագրությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների ընթացքից:

 «Նախորդ 24 ժամը Սերժ Սարգսյանը և հանրապետականները սպառնու որ հեսա կոմպրոմատ են հրապարակելու: Եվ երեկ այդ կոմպրոմատ կոչվածը` ձայնագրությունը, որտեղ ես եմ խոսում, հրապարակեցին: Ու հիմա ես ինչքան հետևել եմ արձագանքներին, հանրությունը մի փոքր տարակուսած է: Նրանք հարց են տալիս, թե այս ձայնագրությամ էին,մբ չհասկացանք՝ Սարգսյանը ուզում էր վնաս տա՞լ Փաշինյանին, թե՞ օգուտ: Հարցը շատ լեգիտիմ է, որովհետև այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին և ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որը վերջին 7 ամսվա ընթացքում ամենատարբեր հարթակներից մենք արել ենք, ներկայացրել ենք մեր ժողովրդին»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ նախորդ իշխանությունից հակամարտությունը ժառանգել է «փակուղային, դեֆորմացված վիճակում»:

«Եվ որն է եղել ամենակարևոր խնդիրն այդ պահի դրությամբ` եղել է այն, որ միջնորդները, ըստ էության, հետագա զարգացումներին և կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ արտահայտել է Ադրբեջանը: Բայց շատ կարևոր է արձանագրել, որ դա 2018 թվականին չի, որ տեղի է ունեցել: Դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ: Ես խոսել եմ էդ մասին 2016 թվականի հունվարի իրադարձությունների մասին՝ ասելով, որ միջնորդները Հայաստանին, ըստ էության, պայման են ներկայացրել հրաժարվել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարից, ինչը նշանակում է, որ, ըստ էության, հարցը դրված է եղել այսպես` նախկինում գոյություն ուներ «տարածքներ` կարգավիճակի դիմաց» բանաձև, հետո գոյություն ուներ «տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձև, 2016-2018 թվականները ձևակերպվեց և 2016 թվականի ապրիլյան պատերազմով ամենավերին աստիճանի լրջացավ «տարածքներ` ոչ մի բանի դիմաց» բանաձևը: Եվ մենք 2018 թվականին բանակցային գործընթացը ժառանգել ենք մի իրավիճակում, երբ սեղանի վրա դրված է եղել «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձևը: Եվ շատ կարևոր է արձանագրել, որ միջնորդները և միջազգային հանրությունը, ըստ էության, որի վրա երկար տարիներ հույս ենք ունեցել, ահա այդ միջազգային հանրությունը մեր առաջ դրել է խնդիր` վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց: Ըստ էության, ես Ազգային ժողովի ամբիոնից էլ եմ ասել, շատ է խոսվում այն մասին, որ «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» ձևակերպումն ունեցել է «5+2» բանաձև: Իրականում «5+2» բանաձև գոյություն չի էլ ունեցել, որովհետև այդ երկուսը Հայաստանի համար գործընթացն ինչ-որ իմաստով հետաքրքրիր և գայթակղիչ դարձնելու մեջ էր: Եվ այդ երկուսն այն պահեստային հատվածն էր, որով այս տարբերակը պետք է ֆորմալ առումով զիջվեր` այդ լուծումը Ադրբեջանի համար ընդունելի դարձնելու համար»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով` հայկական կողմն ուներ իրադարձությունների զարգացման երկու ճանապարհ. առաջինը` «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց», երկրորդը` ներքին տեղահանվածների անվան ներքո ադրբեջանցիների վերադարձ Լեռնային Ղարաբաղ:

«Այս թեմային էլ եմ բազմիցս անդրադարձել, իսկ որտեղ պետք է վերադառնային` սարերո՞ւմ, անտառներո՞ւմ էին ապրելու, ապրելու էին այնտե՞ղ, որտեղ և ապրել էին շարժման մեկնարկից առաջ: Եվ հետո ի՞նչ, հետո ոչ մի բան, հետո կապրենք կտեսնենք, իսկ հետո, երբ ապրում տեսնում ենք, ապրում և տեսնում ենք Նախիջևանը: Հաշվի առնելով պատերազմի ծանրությունը, հաշվի առնելով մեր բազմաթիվ զոհերի առկայությունը՝ ես ամենատարբեր ձևերով պատասխանատու եմ մի հարցի պատասխանելու համար` արդյոք կա՞ր մի պատուհան, արդյոք կա՞ր մի հնարավորություն, որ մենք որևէ փոխզիջումային լուծման գնայինք և խուսափեինք այս ամենից»,- ասաց Փաշինյանը:–0–