Փաշինյանը մեկնաբանել է Քոչարյանին կալանքից ազատելու մասին Արցախի նախագահների խնդրանքը

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Արցախի նախագահների խնդրանքը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուն։
Արցախի նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը նախօրեին դիմել են Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին մայիսի 9-ին ընդառաջ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Գլխավոր դատախազին ուղղված նամակում Արցախի նախագահները պատրաստակամություն են հայտնել հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, «որն անհրաժեշտ կլինի Քոչարյանի՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։
«Նախ, նման դեպքերում Արցախի նախագահի իրավախորհրդատուները ճիշտ խորհուրդներ տան, որովհետև այդ հարցն այլևս գլխավոր դատախազի տիրույթում չէ, գործն ուղարկվել է դատարան: Եթե գլխավոր դատախազը շատ էլ ուզենա, չի կարող այդ հարցը լուծել: Այս առումով ճիշտ չի Արցախի երկու նախկին նախագահների համար հասցեագրել դիմում մի տեղ, որտեղ իրենց իրավազորության ներքո չէ: Այստեղ աշխատակազմերի և իրավախորհրդատուների սխալն է», – ասաց Փաշինյանը։
«Մարդկայնորեն ես դա կարող եմ հասկանալ, որովհետև ենթադրում եմ՝ ընկերական հարաբերություններ կան, Ռոբերտ Քոչարյանն Արցախի առաջին նախագահն է եղել և այլն: Բայց այնուամենայնիվ, հարցեր ծագում են: Եթե այստեղ քաղաքական խնդիր ենք լուծում, Արցախի պետականության խնդիր ենք լուծում: Օրինակ, այսօր բանտում է նաև Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը: Ասենք, ինչո՞ւ իրենց միջնորդության մեջ իր համար էլ չեն խնդրել, ո՞րն է պատճառը: Եթե սկզբունքն ենք պահում, Արցախի հերոս է: Կամ Ռոբերտ Քոչարյանը, կամ Արկադի Ղուկասյանը պետք է Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչում շնորհած լիենին: Ինչու իր համար չեն միջնորդել», – նշեց ՀՀ վարչապետը։
«Եթե որևէ մեկին թվում է, որ Մանվել Գրիգորյանին մեղսագրվող արարքն ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանինը, չափազանց սխալվում է; Իմ կարծիքով, և նաև դե յուրե Քոչարյանին մեղասգրվող արարքը շատ ավելի ծանր է: Դավիթ Սանասարյանի դեպքում ասում եմ, որ ցավում եմ, որ մարդիկ հարցն ընկալում են ընկերական տրամաբանության մեջ: Բայց այդպես մենք պետություն չենք կառուցի: Սանասարյանն իմ ընկերն էլ է: Նշանակում է իմ ընկերները օրենքից վե՞ր են, չի կարող նման բան լինել: Իսկ եթե իմ ընկերները օրենքից վեր չեն, ուրիշ մեկի ընկերները չեն կարող օրենքից վեր լինել»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:–0–