Արցախի նախագահները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով

07.05.2019, 14:23
Արցախի նախագահները Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին։
Արցախի նախագահները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: 

Նրանք նամակ են հղել ՀՀ գլխավոր դատախազին։ 

«Հարգելի՛ պարոն Դավթյան, ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրը։ Ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում և Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում, ի թիվս այլ հարգարժան հյուրերի, Արցախի Հանրապետության բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր Հաղթանակը։ Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, խնդրում ենք Ձեզ մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում նրա խափանման միջոցը փոխելու մասին», – նշել ենք Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։  

Նրանք նաև նշել են, որ պատրաստ են հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, «որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար»։

«Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաևհակառակորդի համար։Հարգանքով՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյան, Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյան», – նշված է ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը կապվել է Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանի հետ, ով տեղեկացրել է, որ պաշտոնական մեկնաբանություն կտրվի ավելի ուշ։–0–