Փաշինյանն ու կինը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ (ՎԻԴԵՈ)

03.05.2021, 12:03
Մեծ է հավանականությունը, որ 2021 թ.–ի 2–րդ կեսին առաջատար երկրները չպաստվաստված քաղաքացիների մուտքի սահմանափակում մտցնեն. Փաշինյանն ու կինը պատվաստվել են.ՎԻԴԵՈ
Փաշինյանն ու կինը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը` Աննա Հակոբյանը, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտնել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։ 

«Այսօր Աննայի հետ պատվաստվեցինք կորոնավիրուսի դեմ: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել:

Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ մեծ է հավանականությունը, որ 2021 թվականի երկրորդ կեսին առաջատար երկրները չպաստվաստված քաղաքացիների մուտքի սահմանափակումներ կմտցնեն», – նշել է Փաշինյանը: 

Ապրիլի 29–ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում այս պահին կորոնավիրուսից պատվաստված է 2690 մարդ։ Նա նշել է, որ սա խայտառակ ցուցանիշ է և կոչ արել, որպեսզի կառավարության բոլոր անդամները, այդ թվում` պետական գերատեսչության աշխատակիցները պատվաստվեն։ 

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն իր հերթին հայտնել է, որ այս շաբաթվանից Երևանի բանուկ մասերում կգործեն Covid-19–ի դեմ պատվաստման շարժական թիմեր։ 

Մայիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217008 դեպք, որոնցից 200472-ն` առողջացած, 4149-ը` մահվան ելքով։–0–