Փաշինյանն անդրադարձել է իմպոտենցիային վերաբերող հարցերին (ՎԻԴԵՈ)

08.05.2019, 18:10
«Գիտե՞ք, որ իմպոտենցիայի մեծ մասն արդյունք է դառնում առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասից». Փաշինյանն անդրադարձել է իմպոտենցիային վերաբերող հարցերին։
Փաշինյանն անդրադարձել է իմպոտենցիային վերաբերող հարցերին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի ասուլիսի ժամանակ անդրադարձել է իմպոտենցիային վերաբերող հարցերին։

«Դուք գիտե՞ք, որ իմպոտենցիայի մեծ մասն արդյունք է դառնում առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասից», – ասաց նա` ավելացնելով, որ կա նման վիճակագրություն։

«Բա դա մեր ավանդական ընտանեկան խնդիրը չէ, մեր ժողովրդագրական վիճակի խնդի՞րը չի, դա լուրջ պրոբլեմ չի՞, թե՞ դա «հա–հա–հայի ու հի–հի–հիի» թեմա է», – ասաց նա։

Այս կապակցությամբ նա կարծիք հայտնեց մեծ աղմուկ բարձրացրած մանկական բրոշյուրի մասին և նշեց բնակչության, մասնավորապես` երեխաների սեռական գրագիտության կարևորությունը։

Երևանյան գրախանութներից մեկում նախորդ շաբաթ տեղի էր ունեցել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, որը վրդովմունքի մեծ ալիք էր բարձրացրել հայ օգտատերերի շրջանում։ Գիրքն իրազեկում է երեխաներին մարմնին վտանգավոր և «վատ» հպումների մասին` նրա նկատմամբ սեքսուալ բռնությունը կանխելու նպատակով։

Փաշինյանը նշեց, որ ծանոթացել է գրքին և որևէ դատապարտելի բան չի գտել։ 

«Ես հարգանքով եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր այլ կերպ են մտածում։ Պարզապես պետք է քննարկել այդ հարցերը...պետք է հասկանալ, որ մեր երեխաներն, ի վերջո, հասուն տարիքի են հասնում և հասուն կյանք են մտնում, իրենք որտեղի՞ց են իմանում այդ ամեն ինչի մասին, փողոցի՞ց, իրարից լսելո՞վ, ինտերնետում իրենց տարիքի համար չնախատեսված ֆիլմեր դիտելո՞վ, կներեք, պոռնո կայքերից թաքուն օգտվելո՞վ: Սա մեզ չի՞ մտահոգում», – հարցադրում է անում վարչապետը։ 

Նրա խոսքով, հարկավոր է հասկանալ, թե ինչպես են այդ հարցերն ազդում ընտանիքի կյանքի և ամրության վրա։–0–