Փաշինյանի օգնականը կառաջադրվի ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում

17.06.2022, 11:54
Փաշինյանի օգնականը կառաջադրվի ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
Փաշինյանի օգնականը կառաջադրվի ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիրը» ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը։

«Վարդապետյանը թե իր մասնագիտական որակներով, թե իր բարձր բարոյական և արժեքային հատկանիշներով համապատասխանում է, առաջին հերթին, օրենսդրությամբ սահմանված պահանջներին և այն կարևորագույն առաքելությանը, որը, մեր կարծիքով, պետք է ունենա ՀՀ ապագա գլխավոր դատախազը», – ասաց նա լրագրողներին ԱԺ–ում։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե կասկածի տակ չի՞ դրվի Վարդապետյանի անաչառության հարցը` հաշվի առնելով այն, որ նա, լինելով ՀՀ վարչապետի օգնական, նաև քաղաքական թիմի անդամ է` Կոնջորյանը նշեց, որ Վարդապետյանը կուսակցական չէ։

«Վստահ եմ, որ տիկին Վարդապետյանն ընտրվելուց հետո միանշանակ կատարելու է ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով իրեն լիազորված գործողությունները և լինելու է ինչպես օրենսդրության, Սահմանադրության, այնպես էլ իր խղճի առջև մաքուր և պատասխանատու։ Ես առավել քան համոզված եմ դրանում», – ընդգծեց նա։

Աննա Վարդապետյանոը ծնվել է 1986թ.–ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը։

Տարբեր տարիներին աշխատել է Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար, զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Վարդապետյանը 2020թ.–ից ՀՀ վարչապետի օգնականն է։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի լիազորությունների ժամկետը լրանում է 2022թ.–ի սեպտեմբերին։ Նա նշանակվել էր այդ պաշտոնում 2016թ.–ի սեպտեմբերին։–0–