Փաշինյան. Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքն ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայկական ԱԷԿ-ը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնալիքը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը: Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 23-ին կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անցած այս օրերին միջազգային համայնքի առջև մենք ցուցաբերեցինք պատասխանատու և վստահ պահվածք. մենք հավատարիմ մնացինք կրակի դադարեցման 3 պայմանավորվածություններին, որոնք հաջորդաբար խախտվում էին Ադրբեջանի կողմից, ամեն անգամ նրա զինված ուժերին պատճառելով նոր կորուստներ»,- նշել է Փաշինյանը:
Նա, մասնավորապես, հայտնել է, որ չնայած հնչող սպառնալիքներին Հայաստանը հանդես չեկավ Ադրբեջանի ժողովրդին և նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներով:
«Մենք հանդես չեկանք Ադրբեջանի ժողովրդին եւ նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներով անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը: Այս սպառնալիքը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը»,- ընդգծել է վարչապետը: -0-