«Պարոն վարչապետ, դա ճշգրտենք, թե չէ բանակը նորից կգրոհի». Տոնոյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր կառավարության նիստի ընթացքում հավանության արժանացավ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագիրը։
Քննարկման ընթացքում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց, թե ծրագիրը զինծառայողներին վերաբերում է, թե ոչ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր հերթին նշեց, որ որևէ սահմանափակում չկա։
«Այսինքն մենք տարբերակու՞մ ենք, ի՞նչ տարբերություն մեզ համար զինծառայող է, թե ոչ», – նկատեց Փաշինյանը, ինչին ի պատասխան Տոնոյանը նշեց, որ զինծառայողների համար առանձին ծրագիր է գործում։
Բաթոյանն իր կողմից նշեց, որ առանձին, նպատակային ծրագրեր կան, բայց այս ծրագրում որևէ սահմանափակում չկա։
«Պարոն վարչապետ, խնդրում եմ դա ճշգրտենք, թե չէ բանակը նորից կգրոհի», – կատակով նշեց Տոնոյանը։
«Մենք ուզում ենք բանակը գրոհի, բայց բոլորովին ուրիշ ուղղությամբ», – ծիծաղելով նշեց Փաշինյանը։
Նշենք, որ այսօր կառավարությունը հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը։
2020 թվականի պետական բյուջեով նպատակային ծրագրերի համար նախատեսվել է 526 մլն 760 հազ դրամ։ Նպատակային ծրագրերն են միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար, կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն, երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին։
2020 թվականին նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի, կանխավճարի ապահովագրության տրամադրել 540 շահառուի, երեխայի ծննդյան աջակցություն տրամադրել 300 շահառուի։ Յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում կճշգրտվեն շահառուների նախատեսվող թվաքանակը՝ ըստ նպատակային ծրագրերի։–0–