«Նովոստի–Արմենիա»–ի YouTube–յան ալիքի ուղիղ եթերում մեկնարկել է ընտրությունների արդյունքների առցանց լուսաբանումը (ՈւՂԻՂ)

20.06.2021, 20:35
Նովոստի–Արմենիա»–ի YouTube–յան ալիքում, փորձագետների և քաղաքագետների մասնակցությամբ, մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների առցանց լուսաբանումը.ՈւՂԻՂ
«Նովոստի–Արմենիա»–ի YouTube–յան ալիքի ուղիղ եթերում մեկնարկել է ընտրությունների արդյունքների առցանց լուսաբանումը (ՈւՂԻՂ)

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալության YouTube–յան ալիքում, փորձագետների և քաղաքագետների մասնակցությամբ, մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների առցանց լուսաբանումը։

Փորձագետները կներկայացնեն իրադարձությունների հետագա զարգացման իրենց տեսլականն ու հնարավոր սցենարները։

Այսօր` հունիսի 20–ին, Հայաստանը նոր խորհրդարան էր ընտրում։

Ընտրություններին մասնակցում է 4 դաշինք և 21 կուսակցություն։ Դրանք են «Արդար Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային–քրիստոնեական կուսակցությունը, «Ազատություն» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Միասնական Հայրենիքը», «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը, «Ազատ Հայրենիք» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, «Շիրինյան–Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը», «Ազգային օրակարգ» կուսակցությունը, «Վերելք» կուսակցությունը, «Ազատական» կուսակցությունը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը, «Ազգային–ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։

Այս ընտրությունները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երկրորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2018թ.–ի դեկտեմբերին` ապրիլյան «թավշյա» հեղափոխությունից մոտավորապես 6 ամիս անց։ Հեղափոխության արդյունքում իշխանության եկավ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։

Նոր խորհրդարանի ձևավորման անհրաժեշտության պատճառը 2020թ.–ին Ադրբեջանի կողմից սանձազերծած Արցախյան պատերազմում կրած պարտությունն է։ 2020թ.–ի նոյեմբերի 9–ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությունը, որը վերաբերում էր Արցախում ռազմական գործողությունների դադարին, դժգոհության ալիք առաջացրեց հայկական հասարակությունում։ Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման պատճառով վրդովված հազարավոր քաղաքացիներ պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, կազմակերպվում էին բազմաթիվ հանրահավաքներ և բողոքի ակցիաներ։

Այս տարվա մարտի 18–ին նախագահի և խորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2021թ.–ի հունիսի 20–ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Այս գործընթացի համար Փաշինյանը, ըստ ձեռք բերված համաձայնության, ապրիլի 25–ին հրաժարական տվեց և դարձավ վարչապետի պաշտոնակատար։

ՀՀ Սահմանադրության համաձայն, արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կառավարության ղեկավարը հրաժարական է տալիս և Ազգային ժողովը երկու անգամ չի ընտրում վարչապետ։

Մայիսի 3–ին և 10–ին ԱԺ–ն երկու անգամ չընտրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, ինչից հետո խորհրդարանը ցրվեց իրավունքի ուժով։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց 2021թ.–ի հունիսի 20–ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։–0–