«Մենք լրիվ մենակ էինք». Կապանի քաղաքապետը` Սյունիքի պաշտպանության և Արցախի հայտարարությունից հետո դիրքերը հանձնելու հրամանի մասին

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն այսօր խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրել է Սյունիքի պաշտպանության մանրամասներն Արցախյան պատերազմի օրերին։
Չենք նահանջել անգամ մեկ մետր
Փարսյանը նշեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմում սյունեցիները մասնակցել են ինչպես մարտի դաշտում, այնպես էլ թիկունքում։ Սյունիքը կրել է խոշոր և անդառնալի կորուստներ ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքի բնակավայրերի պաշտպանության ժամանակ։
«Հոկտեմբերի 18–ին վարչապետը Գորիսում գումարեց խորհրդակցություն` համայնքների ղեկավարների մասնակցությամբ և այնտեղ առաջարկեց, որպեսզի մենք անցնենք ինքնապաշտպանության։ Սյունիքի պաշտպանության համակարգողը, ինչպես գիտեք, այն ժամանակ նշանակվեց գեներալ Արտակ Դավթյանը։ Մենք շատ արագ ինքնակազմակերպվեցինք և սկսեցինք պաշտպանել մեր բնակավայրերը», – նշեց նա։
Փարսյանն ընդգծեց, որ ցավոք, այդ ժամանակ սյունեցիներն ամբողջությամբ միայնակ էին, և այդ օրերը շատ ծանր էին. «մենք աջակցություն չէինք ստանում ոչ կառավարությունից, ոչ մյուս ոլորտներից»։
«Այդ ժամանակ մենք հրաման ստացանք կոնկրետ գեներալ Դավթյանից զբաղեցնել մեզ համար շահեկան դիրքեր` լինի դա Հայաստանի սահմանին, թե դրանից դուրս, քանի որ դա շատ կարևոր էր մեր բնակավայրերի անվտանգության ապահովման համար», – ասաց նա։
Քաղաքապետը նշեց, որ ընտրվեցին այն դիրքերը, որոնք հեռու էին բնակավայրերից` այդկերպ ապահովելով անվտանգության գոտի։
Նա տեղեկացրեց, որ թեժ մարտեր էին ընթանում Կապանում` Դավիթ Բեկ, Ուժանիս, Ներքին Հանդ գյուղերի մոտ։
«Եղան զոհեր, սակայն մենք չնահանջեցինք անգամ մեկ մետր` պաշտպանելով այդ սահմանագծերը», – ասաց նա։
Թշնամին մեզնից 100 մետրի վրա է
Փարսյանն ասաց, որ նոյեմբերի 9–ին կնքված համաձայնագրի առաջին կետում հստակ ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի զորքերը կանգ են առնում այնտեղ, որտեղ այդ պահին կանգնել են։
«Մենք մնացինք զբաղեցրած դիրքերում` ապահովելով մեր բնակավայրերի անվտանգությունը։ Շատ անսպասելի դեկտեմբերի 17–ի առավոտյան հրաման ստացվեց Պաշտպանության նախարարությունից. «թողեք մեր կողմից զբաղեցրած սահմանագծերը, թողեք զբաղեցրած դիրքերը և անցեք Հայաստանի սահմաններին»», – ասաց նա։
Քաղաքապետի խոսքով, կապանցիների համար սա լուրջ խնդիրներ առաջացրեց, որոնց մասին բազմիցս արդեն խոսվել է։
«Այսօր, զբաղեցնելով դիրքեր Հայաստանի սահմանի վրա, մենք ունենք հետևյալ պատկերը` թշնամին կոնկրետ մեր բնակավայրերից, օրինակ Սյունիքի բնակավայրից գտնվում է 100 մետր հեռավորության վրա բնակելի տարածքից։ Կապան քաղաքի բնակելի տարածքից` 1կմ հեռավորության վրա։ Զիջելով այս սահմանամերձ գծերը` առաջացավ լուրջ խնդիր. երբ թշնամին զբաղեցնում է շատ կարևոր բարձունքներ, գտնվելով Սյունիքի և Կապանի համայնքների դիմաց, ապա Կապան քաղաքը և որոշ այլ բնակավայրեր դառնում են լուրջ թիրախ թշնամու համար», – հայտարարեց նա։
Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 9–ի հայտարարությունից հետո հայկական և ադրբեջանական կողմերը մնացել են նույն դիրքերում։ Նա ավելացրեց, որ հակառակորդի կողմից անգամ չէր զգացվում ագրեսիվ վարքագիծ. «տպավորություն էր ստեղծվել, թե նրանք ևս ինչ–որ բանի են սպասում»։
«Մեզ տեղեկացրեցին, որ մեր կողմից զբաղեցրած սահմանագծերի կապակցությամբ (խոսքը Զանգելանի և Կուբաթլուի մասին է, որոնք զիջելու մասին կետ չի եղել) կընթանան բանակցություններ», – ասաց նա։
Փարսյանը նշեց, որ խոսվում էր, որ բանակցությունների դեպքում պարտադիր պետք է հաշվի առնել տեղական իշխանությունների կարծիքը, քննարկում անցկացնել նրանց հետ և լսել առաջարկները, սակայն նրանց հետ ոչ ոք չկապվեց։
«Մենք ակտիվորեն համագործակցել ենք Պաշտպանության նախարարության հետ։ Կարող եմ անգամ վստահ ասել, որ այն գեներալները, ում հետ կապ ենք պահել, ևս չգիտեին այն մասին, որ մենք պետք է զիջենք դիրքերը։ Սակայն ասեմ ավելին` դուք գիտեք, որ մենք` համայնքների ղեկավարները, հանդիպել ենք պաշտպանության նախարարի հետ։ Ես հնչեցրեցի այդ հարցը` ինչպե՞ս ստացվեց, որ առաջին կետով նշված է մի բան, ինչպես գիտենք, բանակցություններ որպես այդպիսին չեն եղել, նրանց հետ քննարկումներ չեն եղել, և այսօր դուք հրաման եք տալիս զիջել այդ դիրքերը, չնայած մենք դեմ էինք դրան, քանի որ առաջանում է անվտանգության լուրջ խնդիր», – ասաց նա։
Քաղաքապետը նշեց, որ այդ հարցին նախարարը պատասխանեց` նշելով, որ այդ համաձայնությունը եղել է սկզբից։
«Եթե այդ համաձայնությունը եղել է սկզբից, ինչու՞ մենք չենք իմացել։ Ինչու՞ մեզ չեն իրազեկել։ Մենք նոյեմբերի 9–ից հետո կառուցեցինք պաշտպանական երկրորդ, երրորդ սահմանագծերը։ Մենք անգամ կարծում էինք, որ կրկին կլինեն մարտեր տարածքների համար։ Մենք ամրապնդվեցինք այդ տարածքում», – հայտարարեց նա։
Փարսյանը նշեց, որ հետաքրքրվել է նախարարից` արդյոք հնարավոր չե՞ն նոր բանակցություններ, հնարավոր չէ՞ ինչ–որ բան անել` դիրքերը պահելու համար։ Սակայն նախարարը բացասական պատասխան տվեց։
«Մեզ դիրքերը զիջելուց բացի ոչինչ չէր մնում անել», – նշեց Կապանի քաղաքապետը։–0–