«Մենք այն փուլում չենք, որ պետական վերահսկողությունից դուրս գանք և ադրբեջաներենի դասավանդումը վստահենք մասնավոր սեկտորներին». ադրբեջանագետ (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

07.10.2021, 14:52
Երևանում բացվել է ադրբեջաներենի առաջին ու միակ մասնագիտացված կենտրոնը. թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ Արևելիագիտության ֆակուլտետի դասախոս, ադրբեջանագետ Մարիամ Մելքոնյանի հետ
«Մենք այն փուլում չենք, որ պետական վերահսկողությունից դուրս գանք և ադրբեջաներենի դասավանդումը վստահենք մասնավոր սեկտորներին». ադրբեջանագետ (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 7. հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում «Smart Armenia» բարեգործական-հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սկսել է գործել ադրբեջաներենի առաջին ու միակ մասնագիտացված կենտրոնը (Azerbaijani Language Center, ALC):

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում նշել էր  «Smart Armenia» կազմակերպության հիմնադիր նախագահ Արման Նալբանդյանը, ադրբեջաներենի մասնագիտացված կենտրոն բացելու գաղափարը դեռ վաղուց կար:

Նշենք, որ 2018 թ.-ին փակվեց ԵՊՀ–ում գործող ադրբեջանագիտության կրթական ծրագիրը:

Թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ Արևելիագիտության ֆակուլտետի դասախոս, ադրբեջանագետ Մարիամ Մելքոնյանի հետ:

Ադրբեջանագետը մեզ հետ զրույցում նշեց, որ ադրբեջանագիտության կրթական ծրագիրը սպասարկում էր ուժային կառույցներին, և բացվել էր հենց իրենց նախաձեռնությամբ: Կրթական ծրագրի գործունեությունն ու զարգացումը համալսարանում կոնկրետ հետևողական ուշադրություն և ջանքեր էր պահանջում:

«Մեր կողմից, բնականաբար,այդ ուշադրությունը եղել է, և մենք պատրաստել ենք մասնագետներ, որոնք հիմա համապատասխան ոլորտներում արդեն աշխատում են: Բայց հետագայում չհասկացանք, թե ինչ պատճառաբանությամբ փակվեց ծրագիրը, և մեզ համար զարմանալի էր, որովհետև պատերազմող երկիր ենք, և հատկապես հակամարտող երկրի լեզվին տիրապետող մասնագետների կարիք ունենք»,-ասաց ադրբեջանագետը:

Մասնագետը նկատեց, որ 44-օրյա պատերազմից հետո, բացի ALC-ից, այլ կրթական կենտրոններում ևս ադրբեջաներեն դասավանդվում է: 

Նրա խոսքով՝ ադրբեջանագիտության դասավանդումը անհրաժեշտ է իրականացնել պետական վերահսկողության ներքո:

«Լեզուն և առհասարակ, ադրբեջանագիտությունը, որպես առանձին գիտաճյուղ, պետք է ուսումնասիրվի և դասավանդվի, պետական վերահսկողության ներքո: Քանի որ սա առաջին հերթին անվտանգային խնդիր է, այսինքն մենք, մասնագետներ պատրաստելով, անվտանգային խնդիր ենք լուծում: Եվ մասնագետներն էլ, պետք է բարձր պատասխանատվություն ունենան, որպեսզի իրենց գիտելիքները ծառայեցնեն մեր պետության ազգային շահերին»,-ասացՄելքոնյանը:

Փորձագետի պնդմամբ՝  երբ լեզվի կենտրոններում կամ առանձին անհատների կողմից բացվում են ուսումնասիրման կենտրոններ, դրանք, չնայած գովելի են, բայց նաև կարող են խոցելի լինել:

«Այս պարագայում վերահսկողությունը թուլանում է, և ես այստեղ տեսնում եմ նաև քարոզչական տարրեր: Այսինքն մենք ինչու պետք է համատարած սովորենք ադրբեջաներեն: Եթե մենք սովորում ենք անվտանգային խնդիրները լուծելու համար, ապա համապատասխան ուժային կառույցների հետ համագործակցությամբ պետք է ընտրվեն սովորողները և պատրաստվեն որպես մասնագետ:Մենք չենք կարող անհատական մակարդակի նման նախաձեռնություն իրականացնել, քանի որ շատ տեղեկատվության մենք չենք տիրապետում: Չգիտենք՝ որքան մասնագետ է անհրաժեշտ, արդյոք կարիք կա, թե ոչ, աշխատատեղերի քանակը, պահանջարկը», – ասաց Մելքոնյանը։:

Փորձագետի խոսքով՝ ադրբեջաներենի ուսումնասիրությունը մեր երկրում շարունակում է մնալ թերևս ամենակարևոր ռազմաքաղաքական հարցը: Սակայն բացի անվտանգային հարց լինելը, լեզվի ուսումնասիրությունը կօգնի վերլուծել հակամարտող երկրի լրատվական դաշտը, հասկանալ, թե ինչ գրառումներ ու մեկնաբանություններ կան Հայաստանի հետ կապված:

Ավելի վաղը, կենտրոնի համահիմնադիրները մեզ հետ զրույցում նշել էին, որ լեզվի դասավանդումը կենտրոնում կտևի 8 ամիս: Մինչդեռ մասնագետի պնդմամբ հստակ ժամկետներ նշելիս, պետք է նաև ասել, թե կոնկրետ ինչ է դասավանդվելու տվյալ ժամանակահատվածում, և լեզվի որ մակարդակն է լինելու վերջնական նպատակակետը:

Նրա դիտարկմամբ՝ 8 ամսում, օրինակ հնարավոր է միջին բարդության տեքստեր կարդալ և թարգմանել, իսկ միջինից բարդ տեքստեր թարգմանելու կամ օրինակ տվյալ լեզվով տեսանյութեր լսելու և հասկանալու համար հավելյալ ժամանակ ու աշխատանք է պետք հատկացնել:

 «Այնուամենայինիվ, կարծում եմ՝ մենք այն փուլում չենք, որ պետական վերահսկողությունից դուրս գանք և լեզվի դասավանդումը վստահենք մասնավոր սեկտորներին: Եվ հետո այս լեզվով պետք է հատուկ մասնագետներ պատրաստվեն: Մասնագետների առջև էլ պետք է հստակ խնդիրներ դրվեն, որպեսզի ոչ թե միայն հիմնարար գիտելիքներ ստանան և վերջ, այլ խորացված գիտելիքներ ստանան ռազմաքաղաքական ոլորտում, և դրանք էլ ծառայեցնեն ի շահ պետության»,-եզրափակեց Մելքոնյանը:–0–