ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտել է ձևակերպումները, որոնք օգտագործել է ընդդիմության կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նախօրեին Գյումրի կատարած այցի ժամանակ։
Նախօրեին Գյումրի մտնելիս մի խումբ քաղաքացիներ փակել են Մանուկյանի և նրա կողմնակիցների մեքենաների ճանապարհը։ Ավելի ուշ ընդդիմությանը հաջողվել է հասնել քաղաք։ Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը ճանապարհը փակած քաղաքացիներին անվանել է «բոմժ» և ասել, որ իրենց գումար են տվել «Իմ քայլը» իշխող խմբակցության անդամները։
«Դատապարտելի է ՀՀ վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից այսօր Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քաղաքացիներին ուղղված իր խոսքում: Առավել ևս բացարձակ է անընդունելի նրա կողմից իր խոսքի վիրավորական արտահայտությունը վերահաստատելը լրագրողի հետ զրույցում», – գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Facebook–յան իր էջում։
Թաթոյանն անթույլատրելի է համարել բոլոր այն դեպքերը, երբ հանրային գործիչներն իրենց խոսքում օգտագործում են քաղաքացիներին ուղղված վիրավորական բառեր ու արտահայտություններ:
«Մեր երկրում հանրային համերաշխությունը երաշխավորելու համար ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, այնպես էլ հանրային գործիչները պետք է զերծ մնան իրենց հրապարակային խոսքում մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ օգտագործելուց։ Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Վարչապետի թեկնածու համարվող անձի նկատմամբ, բնականաբար, պահանջներն ավելի բարձր են», – ընդգծել է նա։
Թաթոյանն ավելացրել է, որ պետք է առհասարակ բացառել վիրավորանքով միմյանց մասին խոսելը, պետք է հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի նկատմամբ՝ յուրաքանչյուրս մեր խոսքում պահպանելով այս կանոնները:–0–