Մարդիկ ստիպված են եղել գիշերել «Բավրա» անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով

02.12.2021, 11:19
Մեքենայի ուղևորները, այդ թվում՝ մանկահասակ երեխաները, ստիպված են եղել գիշերել «Բավրա» անցակետի նստարաններին կամ մեքենայում

Մարդիկ ստիպված են եղել գիշերել «Բավրա» անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ 2021 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին քաղաքացին ահազանգել է, որ ՀՀ պետական սահմանի «Բավրա» անցման կետից չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ, հակառակ այն հանգամանքին, որ անցակետը փակվում է ժամը 24։00-ից, COVID-19-ի ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտության նմուշառում չի իրականացվում ժամը 22.00-ից սկսած, հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 

Դիմումատուն նշել է, որ մեքենայի ուղևորները, այդ թվում՝ մանկահասակ երեխաները, ստիպված են եղել գիշերել սահմանային անցակետի նստարաններին կամ մեքենայում։                                                           

Բարձրացված հարցը Պաշտպանի աշխատակազմի կողմից քննարկվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի հետ, ով հաստատել է հրապարակված տեղեկատվությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է բարձրացված հարցի քննարկում և գրություն է հասցեագրել ՀՀ առողջապահության նախարարին: ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված պարզաբանումների համաձայն՝ COVID-19 ախտորոշման համար ժամը 22.00-24.00 ժամանակահատվածում նմուշառման աշխատանքների ապահովման նպատակով սահմանվել է 3 օրը 1 անգամ հերթականությամբ 3 ընկերությունների համար աշխատանքի իրականացման պարտավորություն: 

Արդյունքում, լուծվել է 22։00-ից մինչև 24։00-ն ընկած ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտություն անցնելու և ՀՀ տարածք մուտք գործելու հարցը։-0-