Մանուկյան. Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Հայրենիքի փրկության շարժում» ընդդիմադիր նախաձեռնության կողմից ներկայացված վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ վաղը Մոսկվայում նախատեսված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպման կապակցությամբ։
Վաղը Մոսկվայում նախատեսված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Ինչպես հայտնել է Փաշինյանի մամուլի քարտուղարը, եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ: Կքննարկվի նաև գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը:
Ներկայացնում ենք հայտարարությունն առանց առանց փոփոխության.
«Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում:
Այդ հանդիպման արդյունքները կարող է վերածվել «նոյեմբերի 9»–ի կապիտուլյացիայի շարունակության։
Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով մենք նախաձեռնել էինք հանդիպում Արտաքին գործերի նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։
Օնիկ Գասպարյանն ու Արմեն Աբազյանը խուսափեցին հանդիպումից, ինչը խորացրեց մեր մտահոգություններն ու կասկածները։
Ողջունում ենք ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ մեզ հանդիպելու և որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու փաստը։
Հայրենիքի փրկության շարժումը հայտարարում է, որ Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո։
Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ:
Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել մեր երկրին ու թույլ չտալ դավաճանության հաղթարշավ։
Մեր երկրի աղետալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դավաճան իշխանության հեռացումն է, և մենք ամբողջ թափով շարունակելու ենք պայքարն այդ ուղղությամբ»։
Նախատեսված հանդիպման մասին
Հայկական ԶԼՄ–ներում շրջանառվում են լուրեր այն մասին, որ հունվարի 11–ին Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է Հայաստանի համար հերթական ստորացուցիչ պայմանագիրն Ադրբեջանի հետ, որի տեքստն արդեն պատրաստ է և գտնվում է ՀՀ արդարադատության նախարարությունում` համաձայնեցման։ Այդ կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ չկա որևէ «գաղտնի համաձայնագիր» Ադրբեջանի հետ։–0–