Մանկական անկետաների թվայնացում, մասնագետների վերապատրաստում. նախատեսվում են մանկական բուժծառայությունների ոլորտի բարեփոխումներ

17.01.2022, 15:36
Մանկական անկետաների թվայնացում, մասնագետների վերապատրաստում. նախատեսվում են մանկական բուժծառայությունների ոլորտի բարեփոխումներ
Մանկական անկետաների թվայնացում, մասնագետների վերապատրաստում. նախատեսվում են մանկական բուժծառայությունների ոլորտի բարեփոխումներ

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կհստակեցնի յուրաքանչյուր օղակի պատասխանատվության սահմանները մանկական բուժծառայությունների տրամադրման ոլորտում։

Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանն` ավելացնելով, որ աշխատանքային խմբում ներգրավվել են ոլորտի առաջատար մասնագետները։

«Կմշակվեն չափորոշիչներ, որոնք թույլ կտան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել և թեթև հիվանդությունների բուժումն իրականացնել տնային պայմաններում», – ասաց մասնագետը:

Նա նշեց, որ սեզոնային գրիպների, սուր շնչառական վարակների պարագայում մանկական բուժծառայություն իրականացնող հաստատություններն աշխատում են գերծանրաբեռնված, եղել է օր, որ հիվանդանոցներից մեկը սպասարկել է 150 ամբուլատոր այց, որից 15-20%-ն է հոսպիտալացման կարիք ունեցել:

«Երեխաների հիվանդությունների մոտ 80%-ը հնարավոր է բուժել տնային պայմաններում: Ուստի միայն ծանր հիվանդները պետք է հոսպիտալացվեն՝ բուժումը բուժհաստատությունում շարունակելու համար», – նշեց ԱՆ ներկայացուցչը։

Նա նաև տեղեկացրեց, որ այս ամենի կարգավորման համար պետք է կատարվի ամբուլատոր օղակի վերազինում, մանկական անկետայի թվայնացում, որը կկրճատի ամբուլատոր օղակի թղթային աշխատանքը և կբարելավվի աշխատանքի որակը:

Փաշայանն անդրադարձավ նաև մասնագետների վերապատրաստման խնդրին և կադրերի պակասին։

«Առանց որակյալ մասնագետների որևիցե սարքավորում իր դերը չի կարող կատարել: Առաջին հերթին պետք է լինեն մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև ուղեցույցների և ալգորիթմներ կմշակվեն հենց մասնագետների համար», - ասաց Փաշայանը:

Նա նշեց նաև, որ ամբուլատոր ծառայությունը պետք է ունենա իր հստակ գործառույթները: Օրինակ, եթե կան դեպքեր, երբ ամբուլատոր ծառայությունում մասնագետի բացակայություն կա, ապա մեխանիզմեր պետք է ստեղծվեն, որպեսզի երեխան դրանից չտուժի:

«Խնդիր է դրված վերազինել ամբուլատոր օղակները: Մասնավորապես, վերազինումը վերաբերում է ինչպես սարքավորումներով հագեցվածությանը, այնպես էլ մասնագետների վերապատրաստմանը: Սա մի կողմից կնպաստի բնակչությանը տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը, մյուս կողմից կօգնի թեթևացնել ստացիոնար ծառայություն իրականացնող բուժհաստատությունների գերծանրաբեռնվածությունը»,- ասաց Փաշայանը:

Նրա խոսքով՝ մասնագիտական ուղորդումներ պետպատվերի շրջանակում կշարունակեն իրականացվել, բայց դրանք ևս պետք է լինեն կանոնակարգված:

«Օրինակ ծնողը երեխային առանց մասնագիտական ուղորդման տանում է ստացիոնար և դրանով իսկ խաթարում նաև ստացիոնարի բնականոն աշխատանքը, այս հարցը բարեփոխումների շրջանակներում ևս պետք է կարգավորենք, և պայմաններ ստեղծենք, որպեսզի ծնողը սկսի վստահել առաջնային օղակին»,- եզրափակեց Փաշայանը:–0–