ՄԻՊ-ը ստուգումներ է իրականացնում Երևանի մանկապարտեզում մանկահասակ երեխային բռնության ենթարկելու հրապարակումից հետո

05.02.2022, 00:11
ՄԻՊ-ը ստուգումներ է իրականացնում Երևանի մանկապարտեզում մանկահասակ երեխային բռնության ենթարկելու հրապարակումից հետո
ՄԻՊ-ը ստուգումներ է իրականացնում Երևանի մանկապարտեզում մանկահասակ երեխային բռնության ենթարկելու հրապարակումից հետո
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ հրապարակումից անմիջապես հետո, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, աշխատակազմի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն այցելել են այդ մանկապարտեզ, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Տեղի են ունեցել առանձնազրույցներ աշխատողների և տնօրինության հետ:

Օրվա ընթացքում նախաձեռնվել են բազմակողմանի մասնագիտական քննարկումներ Երևանի քաղաքապետարանի հետ:

Պաշտպանի աշխատակազմը նաև կապի մեջ է երեխայի ծնողի հետ:

«Ի գիտություն է ընդունվել տեղեկությունն այն մասին, որ հարուցվել է քրեական գործ: Երեխայի վերաբերյալ հրապարակումների բովանդակության հետ կապված` պետք է նկատի ունենալ, որ ցանկացած նյութ հրապարակելիս պետք է ղեկավարվել չվնասելու սկզբունքով, հարգել երեխայի արժանապատվությունն ու իրավունքները ցանկացած իրավիճակում», - նշել է Թաթոյանը:

Երեխայի մասին տվյալներ լուսաբանելիս հատուկ ուշադրություն պետք է դարձվի յուրաքանչյուր երեխայի անձնական կյանքի գաղտնիությանը:

Թաթոյանը նշել է, որ իր իրավասության շրջանակում կշարունակի հետևել այս գործով ձեռնարկվող քայլերին, երեխայի իրավունքների ապահովման վիճակին:

«Բոլորին հորդորում ենք նկատի ունենալ, որ երեխայի լավագույն շահը գերադասելի է ցանկացած իրավիճակում. հրապարակային աղբյուրներում չպետք է նշվեն այնպիսի տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս նույնականացնել երեխային կամ նրա ընտանիքը, այդ թվում` շեշտելով երեխայի ազգային կոնկրետ պատկանելիությունը, անգամ եթե անունները փոխված են (օրինակ` եթե նպատակն է ցույց տալ, որ առկա է խտրականություն ազգային պատկանելիության հիմքով, ապա առավելագույնը կարելի է նշել, որ խոսքն ազգային փոքրամասնության ներկայացուցչի մասին է): Գրություններ են նախապատրաստվել ուղղված Երևանի քաղաքապետարանին և Ոստիկանությանը»,- նշել է Թաթոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 31-ին Ա. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:
Ըստ նույն աղբյուրի, երեխայի նկատմամբ կատարել են բռնի սեռական գործողություններ, պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով երկաթյա տաք խաղալիքով այրել նրա կրծքավանդակը, երեխային հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:-0-