«Կռիվ են տալիս օտար բառերի համար». ՀՀ–ում ցուցանակների վրա շարունակում են գերիշխել օտարալեզու բառերը. Լեզվի կոմիտեն հարուցել է 76 վարչական վարույթ

11.01.2022, 15:46
«Կռիվ են տալիս օտար բառերի համար». ՀՀ–ում ցուցանակների վրա շարունակում են գերիշխել օտարալեզու բառերը. Լեզվի կոմիտեն հարուցել է 76 վարչական վարույթ
«Կռիվ են տալիս օտար բառերի համար». ՀՀ–ում ցուցանակների վրա շարունակում են գերիշխել օտարալեզու բառերը. Լեզվի կոմիտեն հարուցել է 76 վարչական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Լեզվի կոմիտեն, տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում պահելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովող հարցերը, արձանագրել է, որ խնդրահարույց է ծառայությունների ու սպասարկման ոլորտը, երբ արտաքին գրառումները, ցուցանակներն աչքի են ընկնում հիմնականում օտարալեզու բառերով:

Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ցուցանակների վրա դեռևս շարունակում են գերիշխող լինել օտարալեզու բառերը:

«Մենք ակնկալում ենք, որ ցուցանակների արտաքին տեսքը պետք է նախ հայերենով լինի, հետո օտար լեզվով: Հայաստանում գրագրությունը պետք է նախևառաջ հայերեն լինի: Հորդորով դիմում եմ մեր տնտեսավարողներին: Այո, զբոսաշրջիկներ շատ են գալիս Հայաստան, բայց չէ որ մենք նրանց համար չենք ապրում: Սա մեր երկիրն է, և այստեղ հայերենը պետական լեզվի կարգավիճակ ունի: Ամենուրեք պետք է լինի նախ հայերենը, նոր հետո ռուսերենը կամ անգլերենը»,- ասաց լեզվի կոմիտեի նախագահը:

Ամփոփելով 2021 թ.-ի կատարված աշխատանքները, նա նշեց, որ Լեզվի կոմիտեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով 2021 թ․ հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ 76 վարույթ, 72 հայցադիմում էլ ներկայացրել է վարչական դատարան։

«Հայցերից 8-ը բավարարվել է,  19-ը՝ մերժվել, դատական կարգով 2 գործ կարճվել է, 43 գործ ՀՀ վարչական դատարանում քննության փուլում է, 11 գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք, 8 գործով ևս ներկայացվելու է։ Խախտումները հիմնականում արտաքին հարդարանքին են վերաբերում»,-ասաց Գյուրջինյանը:

Նրա խոսքով՝ խախտումների թիվն ավելին կարող էր լինել, պարզապես յուրաքանչյուր գործ երկար ընթացք ու ժամանակ է պահանջում, իսկ ռեսուրսները երբեմն բավարար չեն:

«Դատարանները բավական ծանրաբեռնված են և, օրինակ, մի գործի բողոքը լսելու ժամկետ է նշանակվել 2023 թ.-ին: Այնինչ, մեր հասարակությունն անհամբեր է: Հայերենի շահով ապրող ակտիվ հատվածը արդյունքի է սպասում, ցանկանում է, որ շտկվեն օտարալեզու գրառումները, սակայն մենք սպասում ենք դատարանի որոշմանը», – ասաց Գյուրջինյանը:

Լեզվի կոմիտեի նախագահը նշեց նաև, որ շատ տնտեսվարողներ աչալուրջ չեն լինում հորդորներին, ավելին՝ իրավաբանների միջոցով փորձում են պաշտպանել օտարալեզու բառերը:

«Լավ, ինչու՞ պետք է սպասեք, որ Լեզվի կոմիտեի աշխատակիցները գան ու արձանագրեն: Շատերը սպասում են, հետո փաստաբան են վարձում, փող են ծախսում, միայն թե պաշտպանեն, որ իրենց ցուցանակը պետք է լինի միայն անգլերեն: Ես հասկանում եմ, որ անգլերեն պետք է լինի, բայց ինչու՞ պետք է հայերենը չլինի: Փոխարենը դնում են արտառոց, ոչինչ չասող օտարալեզու բառեր: Մենք դրանով զբոսաշրջիկներին չենք զարմացնում, մենք հետաքրքրիր ենք մեր տեսակով, մշակույթով, նիստուկացով», – ասաց կոմիտեի նախագահը:

Նա հավելեց նաև, որ կան տնտեսավարողներ, որոնք հետևում են «Լեզվի մասին» օրենքի պահանջներին: Նրանցից շատերը պարզապես տեղեկացված չեն ու, իմանալուն պես, արագ շտկում են բացթողումը: Սակայն կան նաև տնտեսավարողներ, որ կռիվ են տալիս օտար բառերի համար:–0–