Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ. Երևանի կոնյակի գործարանը նախաձեռնել է «Կենդանի կանաչ պատ» նախագիծը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Կենսաբազմազանության միջազգային օրվա նախօրեին Երևանի կոնյակի գործարանը նախաձեռնեց «Կենդանի կանաչ պատ» նախագիծը, որն իրենից ներկայացնում է գործարանի հարակից տարածքում հատուկ գոտու հիմնում` ուղղված կենսաբազմազանության պահպանմանը և շրջակա միջավայրի կայուն զարգացմանը:
Նախաձեռնությունը իրականացվել է ԵԿԳ աշխատակիցների կողմից `սովորական աշխատանքային առավոտը հարստացնելով նոր գույներով:
«Անչափ ուրախ եմ տեսնել ձեր անկեղծ ներգրավվածությունն այս նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար: Կարծում եմ, այս գոտու բարելավումը շատ խորհրդանշական է․․․ Այն գտնվում է գործարանի տարածքից դուրս՝ ԵԿԳ պատմական շենքի անմիջապես դիմաց, ինչը վկայում է այն մասին, որ բնության նկատմամբ մեր պատասխանատու վերաբերմունքը չպետք է ունենա սահմաններ, իսկ «շրջակա միջավայրը» վերացական հասկացություն չէ, այն սկսվում է այստեղից։ Ուստի, հետևելով Երևանի կոնյակի գործարանի «Կայունության և պատասխանատվության» առավել քան տասնամյա մոտեցմանը, այսօր մենք հավաքվել ենք այստեղ՝ ևս մեկ ներդրում ունենալու մեր հեռանկարները մի-փոքր ավելի կանաչ դարձնելու գործում», - իր բացման խոսքում նշեց Երևանի Կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը:
Ըստ նախագծի Երևանի կոնյակի գործարանի գլխավոր մուտքի դիմաց ընկած հատվածը՝ Աթենքի փողոցի լանջի վերին եզրը ցանկապատվել և կանաչապատվել է հատուկ բույսերով:
«Այս նախագիծը, որը շրջակա միջավայրի նկատմամբ մեր պատասխանատու վերաբերմունքի ևս մեկ մարմնավորում է, միանշանակ կնպաստի, տրամադրության բարձրացմանը, ինչպես նաև կնվազեցնի աղմուկը, որը գալիս է Հրազդանի կիրճի հատվածում տեղակայված ժամանցի վայրերից », - ասում է Երևանի կոնյակի գործարանի որակի, անվտանգության և շրջակա միջավայրի գծով մենեջեր Վարվառա Մուսաելյանը:
Մասնագետների հաշվարկների համաձայն այս 67մ երկայնքով կանաչ ցանկապատը կկրճատի տարեկան 375կգ CO2-ը և կարտադրի տարեկան 277 կգ O2 (թթվածին), որը կբավարարի մեկ մարդու թթվածնի 38 օրվա պահանջը։ Կարևոր է ընդգծել, որ նման նախաձեռնությունը նաև թույլ կտա զերծ պահել տարածքը աղտոտումից, որը վտանգավոր էր ոչ միայն էկոլոգիական և գեղագիտական առումներով, այլև երբեմն կարող էր վտանգ ստեղծել երթևեկելի մասի համար։
Նշենք, որ կենսաբազմազանության միջազգային օրը նշվում է ամեն տարի մայիսի 22-ին, որը նվիրված է կենսաբանական ռեսուրսների պաշտպանության կարևորության և մեր շրջակա միջավայրը ձևավորող համաշխարհային կենսաբազմազանության վերաբերյալ համաշխարհային իրազեկության բարձրացմանը:–0–