«Կցանկանայինք` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն ավելի արագ գործեր, աշխատանքը շարունակվում է». ՀՀ–ում ՌԴ դեսպանը` գերիների վերադարձի մասին (ՎԻԴԵՈ)

23.02.2021, 15:55
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեքշաբթի մեկնաբանել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձման հետ կապված իրավիճակը
«Կցանկանայինք` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն ավելի արագ գործեր, աշխատանքը շարունակվում է».  ՀՀ–ում ՌԴ դեսպանը` գերիների վերադարձի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեքշաբթի մեկնաբանել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձման հետ կապված իրավիճակը։

«Այդ աշխատանքը մշտական է, այդ թվում` ՌԴ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ։ Պարբերաբար տեղեկատվություն է հայտնվում նոր խմբի վերադարձի մասին։ Իհարկե, կցանկանայինք, որպեսզի դա լիներ ավելի արագ` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Աշխատանքն ընթանում է, այն հեշտ չէ, բայց կարող եմ վստահեցնել, որ այդ հարցի շուրջ համառ աշխատանք է ընթանում», – ասաց Կոպիրկինը։

Այն հարցին, թե կա՞ն, արդյոք, գերիների նոր խմբեր, որոնք առաջիկայում կվերադարձվեն, դեսպանը պատասխանեց, որ այս պահին նա նման տեղեկություններ չունի։

Խոսելով այն մասին, թե ինչու դեռ չի հաջողվում ապահովել «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման դրույթը, որպեսզի Ադրբեջանն իրականացնի համաձայնագրի (2020թ.–ի նոյեմբերի 9–ի) այդ կետը` դեսպանը նշեց, որ այդ աշխատանքի անմիջական մասնակիցը չէ, այդ պատճառով դժվարանում է ներկայացնել մանրամասն մեկնաբանություններ։–0–