Ժամանակը եկավ հրաժեշտ տալու. Տաթևիկ Ռևազյանը հեռանում է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից

13.06.2022, 15:20
Ժամանակը եկավ հրաժեշտ տալու. Տաթևիկ Ռևազյանը հեռանում է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից
Ժամանակը եկավ հրաժեշտ տալու. Տաթևիկ Ռևազյանը հեռանում է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հրաժարական է տվել:

Նա այդ մասին տեղեկացրել է Facebook-յան իր էջում:

«Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավրության համար, որն ինձ ընձեռվեց՝ գրեթե 4 փորձություններով և հաջողություններով լի տարիներ ծառայելու ավիացիայի ոլորտին և մեր ժողովրդին: Ես հպարտ եմ այն արդյունքներով, որոնց մեր թիմը հասավ, հատկապես՝ մեր երկնքի անվտանգության ապահովանն ուղղված քայլերով: Առաջիկայում հստակորեն տեսանելի կլինեն նաև անվտանգության բարելավմանն ուղղված քայլերի արդյունքները», - նշել է Ռևազյանը:

Նրա խոսքով, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս ընթացքում անցավ և անցնում է շատ լուրջ բարեփոխումների և արդիականացման գործընթացներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ավիացիոն իշխանություններն այժմ ճիշտ ուղու վրա են՝ միջազգային բարձր որակի ստանդարտներին հասնելու առումով:

«Սա հաշվի առնելով, վստահ եմ, որ շուտով ևս ականատեսը կլինենք լավ լուրերի:

Երբ 2018 թվականին ես միացա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, գլխավոր նպատակս էր Հայաստանը դարձնել ներդրողների համար գրավիչ ուղղության: Քովիդ 19-ի ի հայտ չգալու պարագայում ուղևորահոսքերի ակնկալվող աճի տեմպերը ՀՀ-ն կդասեին աշխարհում աճի ամենաբարձր ցուցանիշներն ունեցող երկրների ցանկում։

Միևնույն ժամանակ ես ցանկանում էի, որպեսզի Հայաստանը ունենա մրցունակ և անվտանգ ազգային փոխադրող, և Ֆլայ Առնայի մեկնարկի հայտարարությունը կարևոր քայլ էր այդ իմաստով: Էյր Արաբիա Գրուպի կողմից իրականացված ներդրումը մեզ բերեց աշխարհի ամենաանվտանգ և ամենամրցունակ ավիաընկերություններից մեկի knowhow-ն»,- ընդգծե է նա՝ ավելացնելով, որ հասել է այն նպատակներին, որոնք դրել էր իր առջև 2018 թվականին:

«Այսուհետ ևս ես պատրաստ եմ ամեն կերպ աջակցելու հայկական ավիացիայի լուսավոր ապագային հասնելու գործին: Կուզենայի նաև նշել ևս մեկ կարևոր հանգամանքի մասին։ Լինելով քաղաքականությունից հեռու մարդ, և հետևաբար կաշկանդված չլինելով որևէ քաղաքական գործընթացներով, ես միշտ ընդգծել եմ ազատ, անկախ և պրոֆեսիոնալ գործարար կին լինելու կարևորությունը և որոշել եմ շուտով կրկին վերադառնալ բիզնեսի աշխարհ: Իմ՝ Կոմիտեի ղեկավար լինելու ընթացքում կյանքն ինձ օրհնեց երկու երեխաներով, բայց ես անդադար աշխատում էի, և բոլոր կանանց, ովքեր ունեն հատկապես ղեկավար պաշտոններ, խորհուրդ եմ տալիս, որ իրենց կարիերան չզոհաբերեն նմանատիպ իրավիճակներում, քանի որ մայրությունը և առաջնորդությունը խորապես փոխկապակցված են:

Այսպիսով, սրանք իմ կյանքի ամենադժվարին տարիներն էին, բայց և ամենաիմաստալիցները: Ես երախտապարտ եմ և գնահատում եմ այս հնարավորությունը, որն ինձ ընձեռվել էր՝ իմ ներդրումն ունենալու մեր սիրելի ոլորտի զարգացման գործում», - նշել է Ռևազյանը:

Նա շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին, թիմին, այն նվիրվածության և սիրո համար, որ նրանք տածում են ավիացիայի հանդեպ:

«Հարգելի ընկերներ, ինչպես միշտ, այժմ ևս ենթադրում եմ կլինեն իմ հրաժարականի պատճառների հետ կապված հոլիվուդյան մոտիվներով համեմված կեղծ լուրեր և բանբասանքներ։ Ես աշխատանքից դուրս եմ գալիս դրական էմոցիաներով և ոչ ոքի հետ չունեմ միջանձնային որևէ տարաձայնություն։ Խնդրում եմ թեթև տանեք և չհավատաք: Սիրով՝ Տաթևիկ», - եզրափակել է Ռևազյանը:

Նշենք, որ հունիսի 10-ին, Երեւևան էր ժամանել Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ի առաջին ինքնաթիռը։ Նրա հիմնադիրներն են Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամը (ANIF) և Air Arabia Group-ը։ Fly Arna-ի առաջին չվերթը կիրականացվի Հուրգադայի միջազգային օդանավակայան 2022 թվականի հուլիսի 3-ին։

Նոր ազգային ավիափոխադրողի ստեղծման ծրագրի շրջանակում Հայաստանի կառավարությունը 2021 թվականի հոկտեմբերին որոշել է հատկացնել ավելի քան 4,73 մլրդ դրամ (գրեթե 10 մլն դոլար)։ Եվս 10 միլիոն դոլարի ներդրում է կատարում «Էյր Արաբիան» (ի դեմս իր դուստր ընկերության):

Fly Arna-ն գործելու է որպես բյուջետային ուղևորատար ավիաընկերություն, որի բազային օդանավակայանը կլինի Երևանի «Զվարթնոցը»:-0-