«Ինչու՞ է Աստված տանում լավագույններին. ներիր ինձ, իմ ամենահարազատ մարդ…»․ Անահիտ Սիմոնյանի հրաժեշտի խոսքերը Հայկոյին (ՎԻԴԵՈ)

30.09.2021, 19:03
«Ինչու՞ է Աստված տանում լավագույններին. ներիր ինձ, իմ ամենահարազատ մարդ…»․ Անահիտ Սիմոնյանի հրաժեշտի խոսքերը Հայկոյին.ՎԻԴԵՈ
«Ինչու՞ է Աստված տանում լավագույններին. ներիր ինձ, իմ ամենահարազատ մարդ…»․ Անահիտ Սիմոնյանի հրաժեշտի խոսքերը Հայկոյին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երգիչ Հայկոյի նախկին կինը` Անահիտ Սիմոնյանը, հուզիչ գրառումներ է արել Instagram–ում` նշելով, որ որդին դեռ չգիտի հոր մահվան մասին։ Երգչուհին երկու գրառում է արել: Նա ներողություն է խնդրել Հայկոյից։

Նախօրեին կյանքի 48-րդ տարում մահացել է հայտնի երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն։

Օրերս տեղեկություն տարածվեց, որ Հայկոն ծայրահեղ ծանր վիճակում է։ Պատճառը կորոնավիրուսն էր։ Երգահանի թոքերը գրեթե ամբողջությամբ ախտահարված էին։ 

«Նամակ քեզ, Հայկոս։ Ես գիտեմ, դու ինձ լսում ես։ Ես գիտեմ, դու միշտ մոտ կլինես և ականջիս կասես՝ ինչպես վարվել Արմանի հետ (Հայկոյի և Անահիտի որդին, խմբգր.), որովհետև միայն դու էիր հասկանում նրա լեզուն։ Դու մինչև վերջին պահը հաշտեցնում էիր մեզ՝ ասելով, որ դու, կարծես, երկու երեխա ունես։ Երբ մենք վիճում էինք, միայն դու կարող էիր մեզ հաշտեցնել: Զանգում էիր ինձ, ասում՝ Ան, քնքուշ եղիր, գնա, գրկիր, համբուրիր նրան, հետո զանգում էիր Արմանին, ասում, որ մայրիկը ճիշտ է, գնա, գրկիր, համբուրիր, դու փոքր ես, դու՝ որպես տղամարդ, պետք է անես առաջին քայլը»,-գրել է Անահիտ Սիմոնյանը։ 

Երգչուհին հավելել է, որ չնայած իր ու Հայկոյի՝ երբեմն իրար չհասկանալուն՝ նրանք միշտ միասին են եղել, և դա երբեք չի բաժանել իրենց հոգիները։

«Դու արթնանում էիր, զանգում ինձ, ես արթնանում էի, զանգում էի քեզ, և մինչև քո վերջին օրերը մենք զգում էինք, որ աշխարհում չկա ավելի հարազատ մեկը և չի կարող լինել ոչ ոք, որը կկիսի մեր ուրախությունն ու ցավը։ Այդպես էլ ոչ ոք չի կարող հասկանալ ու զգալ այն ցավը, որ իմ սրտում մշտական սպի կդառնա»,-նշել է երգչուհին։

Նա գրել է նաև, որ չի կարող իրենց երեխային՝ Արմանին, տալ այն էմոցիանները, որ Հայկոն էր պարգևում, որովհետև հոր ու որդու կապն ուրիշ էր։

«Դուք մեկ ամբողջության պես սիրում էիք իրար ու կատակում, որ ես նորից կխանդեմ։ Երանի ես ամբողջ կյանքում ապրեի ձեր սիրո հանդեպ խանդով, բայց քո ներկայությամբ։ Եթե ես կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ, բայց չկարողացա։ Ներիր ինձ, որ չկարողացա ոչնչով օգնել քեզ»,- գրել է Անահիտը։

Քիչ անց երգչուհին ևս մեկ գրառում է արել և կրկին խնդրել նախկին ամուսնուն, որ ների իրեն:

«Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես և չես ապրի մինչև Արմանի հարսանիքը։ Ինչո՞ւ էիր այդպես կատակում և ինչու՞ ինձ մենակ թողեցիր այս մեծ ու դաժան աշխարհում։ Մեզ թողեցիր առանց հենարանի, առանց իմաստի։ Ես երբեք չեմ կարողանա լրացնել քո տեղը մեր երեխայի սրտում և չգիտեմ՝ ինչպես նրան ասել այդ մասին։ Ես շատ եմ վախենում։ Դու բուժքրոջն ասում էիր, որ ես ուժեղ եմ, որ կլուծեմ յուրաքանչյուր հարց, բայց դու չէիր հասկանում, որ ես ուժեղ էի՝ զգալով, որ դու կաս, զգալով, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Արմանը հայր ունի, որը երբեք թույլ չի տա նրան նեղացնել», – գրել է երգչուհին։ 

Նա նշել է նաև, որ առանց Հայկոյի թույլ է, և չի կարողանում ասել Արմանին։ 

«Ես նրան փակել եմ տանը, որպեսզի փողոցում ոչ ոք նրան չասի այդ մասին, ես տեսնում եմ, թե ինչպես է նա ապրում իր մանկական կյանքով և պատկերացում անգամ չունի, որ ամբողջ աշխարհը սգում է։ Ես չեմ կարող նրան ասել, ուղղակի չեմ կարող։ Ինչու՞ դու դա թողեցիր իմ ուսերին, ինչու՞։ Բոլորն ասում են, որ ես հիմա պետք է ուժեղ լինեմ, պետք է մայր լինեմ, բայց ես չեմ կարող, ես չեմ կարող քեզ փոխարինել։ Ինչու՞ է Աստված տանում լավագույններին։ Ինչու՞։ Ես չեմ կարողանում գտնել այդ հարցի պատասխանը և երբեք չեմ կարողանա։ Հանգչիր խաղաղությամբ, բայց խոստացիր, որ միշտ մեր կողքին կլինես։ Դարձիր մեր պահապան հրեշտակը։ Իմ ամենահարազատ մարդ։ Ներիր ինձ»,-եզրափակել է Անահիտ Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ երգիչ Հայկոն և նրա կինը՝ դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանը ամուսնալուծվել էին 2020 թ.-ին: Անահիտ Սիմոնյանն այդ տեղեկությունը հաստատել էր Նազենի Հովհաննիսյանի Instagram-յան «Ինստամերկ» կոչվող ուղիղ եթերի ժամանակ: Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն մեկ որդի ունեն՝ Արմանը, ով 8 տարեկան է:-0-