Ինչու՞ է Աննա Հակոբյանը 44–օրյա պատերազմի ժամանակ այցելել բունկեր. Փաշինյանը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

27.06.2023, 14:53
Փաշինյանն անդրադարձել է այն հանգամանքին, որ 44–օրյա պատերազմի ժամանակ իր կինը` Աննա Հակոբյանը եղել է բունկերում. ՎԻԴԵՈ
Ինչու՞ է Աննա Հակոբյանը 44–օրյա պատերազմի ժամանակ այցելել բունկեր. Փաշինյանը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ անդրադարձել է այն հանգամանքին, որ 44–օրյա պատերազմի ժամանակ իր կինը` Աննա Հակոբյանը եղել է բունկերում։

«Երբ պատերազմը սկսվել է, կինս ինձ ասել է, որ ես չեմ կարող Երևանում պարապ մնալ, գնամ այնտեղ, գոնե մարդիկ կլինեն, օգնություն ցույց տալու խնդիր կլինի։ Այդ օրերին շատ մարդիկ, կանայք լքել էին Ստեփանակերտը։ Եվ իմ կնոջ այնտեղ գտնվելու սիմվոլիկ իմաստն այն էր, որ մենք մեր ներկայությունն այնտեղ ապահովենք։ Այնտեղ կային մարդիկ, որոնք չէին կարողացել դուրս գալ, նկուղներում էին, սննդի խնդիր կար։ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ եղել է շփում։ Գաղափար է հնչել, որ գուցե իմաստ ունի, որ 10 րոպեով գնանք (բունկեր, խմբ.), որպեսզի հրամկազմը տեսնի, որ Հայաստանի վարչապետի կինը գտնվում է Ստեփանակերտում։ Եղել են մարդիկ, որ մտածել են, որ դա դրական ներգործություն կունենա», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, որոշվել է «քաղաքավարական այց» անել հրամկազմին:

«Այդ քաղաքավարական այցը եղել է, գնացել է, բարևել է, ողջունել է, 10-15 րոպե մնացել է այնտեղ և դուրս եկել»,- նշեց նա` ավելացնելով, որ դրանից հետո Աննա Հակոբյանը դիմել է կոչով, ձևավորվել է փոքր կամավորական ջոկատ, որը Սյունիքի մարզում իրականացրել է մարտական պատրաստություն, որից հետո եղել է մարտական դիրքում։–0–