«Իմ քայլը» պատրաստ է աջակցել՝ ստեղծելու պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, Մակունց

19.02.2021, 18:09
Մակունցն ասում է, որ «Իմ քայլը» պատրաստ է աջակցել ընդդիմությանը՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախի պատերազմին առնչվող հանգամանքները
«Իմ քայլը» պատրաստ է աջակցել՝ ստեղծելու պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, Մակունց

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է աջակցել ընդդիմությանը՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախի պատերազմին առնչվող հանգամանքները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, սակայն, որ «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած՝ պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծելու հնարավորություն չեն տալիս Սահմանադրության գործող կարգավորումները:

ԼՀԿ-ն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի մինչպատերազմյան իրավիճակն ու պատերազմի ընթացքը, արդյունքը: «Իմ քայլը» ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին առաջարկել է այլ տարբերակ՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի տարբերակը, նաև առաջարկել է պետաիրավական հանձնաժողովի կազմով հանդիպում ունենալ, քննարկել, թե արդյոք կարող են լրացուցիչ կարգավորումներով ուժեղացնել քննիչ հանձնաժողովի մանդատը:

Загружается новость ... "Лево"

«Մենք Էդմոն Մարուքյանի հետ քննարկել ենք այդ հարցը, քաղաքական մեծամասնությունն իր պատրաստակամությունը հայտնել է, մենք ասել ենք, որ ողջունում ենք քննիչ հանձնաժողով ստեղծելը, ուսումնասիրություններ կատարելը՝ակներև դարձնելն այն ամենը, ինչը հարցեր է հարուցում»,-ասաց Մակունցը:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ հետ են կանգնել արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունից՝ նշելով, որ հանրային պահանջ չկա՝ խմբակցության ղեկավարն ասաց. «Մենք չենք նշել, որ ինչ-որ բանից հետ ենք կանգնում՝ առավել ևս այն պատճառով, որ չկա հանրային պահանջ: Մենք նշել ենք, որ մենք արձագանքում ենք ընդդիմության՝ իշխանափոխության առաջարկին, որը մենք տեսնում ենք բացառապես ընտրությունների միջոցով: Եվ ասում ենք, որ եթե ընդդիմությունը գտնում է, որ նման անհրաժեշտություն կա, մենք առարկություն չունենք: Ընդդիմությունը մեր այդ ձեռքմեկնմանը դրական չի արձագանքել: Մենք նաև նշել ենք, որ ճանապարհային քարտեզի ամփոփման համատեքստում լրացուցիչ կանդրադառնանք այդ հարցին»:

Արձագանքելով հնչող տեսակետին, թե պատերազմից հետո իշխանության ներկայացուցիչներն Արցախ այց չեն կատարում՝ Մակունցը հավաստիացրեց, որ այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում: Նա վստահեցրեց, որ «Իմ քայլը»-ի պատգամավորներն այցելում են Արցախ: Նազելի Բաղդասարյանն էլ ակտիվորեն զբաղվում է ռազմագերիներին առնչվող խնդիրներով:

Խմբակցության ղեկավարը, լրագրողների հարցերին ի պատասխան, խոսեց նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին՝ չանդրադառնալով հարցազրույցի առանձին դրվագների: «Երրորդ նախագահի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով, որոնք ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել են պատասխաններ: Օրինակ, հարցազրույցում արած շեշտադրումներով ինքն ու իր քաղաքական թիմը չեն վարել հանրային քաղաքականություն, այդ շեշտադրումները որևէ կերպ արտացոլված չեն եղել իրենց հանրային քաղաքականությունում և խոսքում, օրինակ 2017-ի նախընտրական ժամանակաշրջանում կամ 2018-ին՝ թեկուզ արտահերթ ընտրությունների ընթացքում: Չեն եղել նաև 2019-ին, երբ չկար որևէ նախընտրական գործընթաց կամ 2020-ին՝ պատերազմի ընթացքում: Հակառակը՝ հնչել են թեզեր, որոնք եղել են ծայրահեղ հակառակ թևում»,-ասաց Մակունցն ու հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է այս հարցազրույցն անցկացվում այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունն արդեն չկա:–0–