Հին նմուշի անձնագրերի գործողության ժամկետը կերկարացվի

09.12.2020, 14:32
Հին նմուշի անձնագրերի գործողության ժամկետը կերկարացվի
Հին նմուշի անձնագրերի գործողության ժամկետը կերկարացվի
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնցով նախատեսվում է երկարացնել հին նմուշի անձնագրերի գործողության ժամկետը։

Հայաստանում գործող օրենսդրության համաձայն, երկրի ներսում պետք է գործի ID քարտ, որը փոխարինում է հին նմուշի անձնագրերին, որոնք պետք է աստիճանաբար դուրս գան շրջանառությունից։ Երկրի սահմաններից դուրս այցելելու համար քաղաքացիներին առաջարկվում է ստանալ կենսաչափական անձնագիր։

Ինչպես փոփոխությունը ներկայացնելիս նշեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, առաջարկվում է հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարացնել` 2021թ.–ի հունվարի 1–ից մինչև 2022թ.–ի հունվարի 1–ը, քաղաքացիների` անձը հաստատող փաստաթուղթ ստանալու իրավունքները երաշխավորելու համար։

Загружается новость ... "Право"

«Այս փոփոխությունները կօգնեն իրականացնել քաղաքացիներին փաստաթղթերի տրամադման գործընթացը, քանի դեռ Հայաստանը չի կնքել պայմանագիր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությամբ զբաղվող նոր ընկերության հետ», – ասաց Ֆիդանյանը։

PWPW լեհական ընկերության հետ նախորդ պայմանագրի ժամկետը լրացել է 2017թ.–ին։ Համավարակի ընթացքում հնարավոր չի եղել ավարտել տենդերը, որի ընթացքում կընտրվեր նոր թեկնածու։

Ավելի վաղ Ֆիդանյանը նշել էր, որ հայտարարվել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր տենդեր, որին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 6 եվրոպական ընկերություն։ Նա նաև նշել էր, որ ՀՀ քաղաքացիների անձնագրերը կարող են արտադրվել ու տպվել հանրապետությունում։–0–