Հայաստանը տոնում է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը

28.01.2020, 09:00
Տոնդ շնորհավոր հայ զինվոր. Հայաստանը տոնում է Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը
Հայաստանը տոնում է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը այսօր՝ հունվարի 28-ին, նշում է հանրապետության Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը: 

Բանակի օրվան նվիրված միջոցառումները ավանդաբար սկսվում են առավոտյան՝ երկրի ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից «Եռաբլուր» պանթեոն այցելությունից, որտեղ գտնվում են ղարաբաղյան պատերազմի հերոսների շիրիմները: 

Հայաստանի ԶՈՒ ստեղծման օրը համարվում է 1992 թվականի հունվարի 28-ը, երբ Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը:

Հայկական բանակի կայացման առաջին փուլը 1988-1992 թվականներն էին, երբ ղարաբաղյան շարժման աշխուժացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների սրման պայմաններում արդիական դարձավ Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգության ապահովման հարցը:

Այդ դժվարին առաքելությունը ստանձնեցին առաջին կամավորական ջոկատները, սակայն ակնհայտ էր, որ սահմանների պահպանության և բնակչության անվտանգության ապահովման հարցերը պետական մոտեցում են պահանջում:

Հայոց բանակի կազմավորման գործընթացն ընթանում էր ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող մարտական գործողություններին, սահմանների ամրապնդմանն ու ազգային կադրերի պատրաստմանը զուգընթաց:–0–