Հայաստանը դարձրել են միջանցիկ բակ. իշխանությունները չեն արտահայտում ժողովրդի և պետության ընդհանուր շահը. Միհրանյան

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի իշխանությունները չեն արտահայտում ժողովրդի ու պետության ընդհանուր շահը, ասաց ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Երևանում անցկացվող Լազարևյան ակումբի չորրորդ նիստի ժամանակ։
Նա նշեց, որ երկար տարիներ Հայաստանը հպարտացել է, որ եղել է հաջողակ երկիր` ուժեղ քաղաքական ինստիտուտներով և ուժեղ իշխանությամբ, հատկապես այն ամենի ֆոնին, ինչ տեղի էր ունենում հետխորհրդային տարածքում։
«Հայաստանը միշտ եղել է կայունության և հաջողության կղզյակ, բայց միայն մինչև ստորացուցիչ պարտությունն ու հրեշային կորուստները», – ասաց Միհրանյանը «Հասարակական–քաղաքական իրավիճակը Հայաստանում և Արցախում 2020թ.–ի պատերազմից հետո և Հայաստանի ապագան» թեմայով քննարկման ժամանակ։
Նրա խոսքով, պետության կորստի հիմնական բնորոշ գիծը պետության և ժողովրդի քաղաքական սուբյեկտայնության կորուստն է, քանի որ չկա սուբյեկտ, որը կձևակերպեր հայ ժողովրդի և պետության դիրքորոշումը։
«Հիմա ոչ ոք չի արտահայտում ժողովրդի և պետության ընդհանուր շահը։ Դրա ուղիղ ապացույցնն է այն, որ գործող իշխանությունը, որը կորցրել է լեգիտիմությունը և կրել ջախջախիչ պարտություն, չի հեռացել, և դրանում հայ ժողովուրդը բացառիկ է, քանի որ պատմության մեջ չկան նման օրինակներ, երբ նման պարտությունից հետո իշխանությունները չտան հրաժարական և ավելին` ժողովուրդը դա չի պահանջում», – ասաց Միհրանյանը։
Նա հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը դեռ կասի իր խոսքն` ընդգծելով, որ նրան հուսադրում է այն, որ իշխանությունները գիտակցում են սեփական լեգիտիմության կորուստը, և նրանց ոչ ոք լուրջ չի ընդունում ոչ երկրի ներսում, ոչ դրա սահմաններից դուրս։
«Երկիրը դարձրել են միջանցիկ բակ, երբ ադրբեջանական անհասկանալի խմբավորումները կարող են մտնել երկիր և թելադրել իրենց պայմանները` պայմանավորելով սահմանների տեղորոշումը GPS ցուցանիշներով։ Ես չէի մտածում, որ կտեսնեմ, թե ինչպես է իմ ժողովուրդը հայտնվել նման ողբալի վիճակում», – ասաց Միհրանյանը։
Նրա կարծիքով, իշխանությունները հասկանում են, որ չունեն ոչ մի լեգիտիմություն ոչ երկրում, ոչ միջազգային ասպարեզում, ինչը ստիպեց նրանց հայտարարել ընտրություններ։
«Ուզում եմ հուսալ, որ կձևավորվի նոր լեգիտիմ իշխանություն, որը կվայելի ժողովրդի աջակցությունը, ինչը կվերադարձնի հարգանքն ինչպես ժողովրդի կողմից, այնպես էլ աշխարհում։ Կորսված յուրաքանչյուր օր կորուստ է պետության համար, մեր ժողովրդի պատվի և արժանապատվության կորուստ», – ասաց Միհրանյանը։
Մեկ տարվա ընդմիջումից հետո Լազարևյան ակումբի խորհուրդը որոշեց անցկացնել չորորրդ նիստը Երևանում։ Նիստին հրավիրված են Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական գործիչներ, գիտնականներ, խորհրդարանականներ, մշակույթի ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ։
Բանավեճի առանցքային թեման է Հայաստանում և Արցախում տիրող հասարակական–քաղաքական իրավիճակը 2020թ.–ի Ղարաբաղի պատերազմից հետո և Հայաստանի ապագան` կրոնների և Հայաստանի զարգացման հեռանկարների և հայ–ռուսական հարաբերությունների մասին ուղիղ երկխոսության համար։–0–