586.06
6.78
493.65
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում նախատեսվում է ներդնել առողջության պարտադիր ապահովագրություն

12:38
30 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը 2023 թվականից կգնա առողջության պարտադիր ապահովագրության. քաղաքացիները, այսպես ասած, կանխավճարների միջոցով կապահովագրեն իրենց առողջությունը, մասնակցություն կունենա նաև գործատուն. դեռ ակտիվ քննարկվում է՝ առողջության պարտադիր ապահովագրությունը կներդրվի միանգամից ամբո՞ղջ բնակչության համար, թե՞ փուլային տարբերակով, առողջության հարկի տոկոսի շուրջ ևս դեռ վերջնական որոշում չկա:

Այս մասին ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, հաղորդում է «Արմենպրեսը»:

Նանուշյանը հիշեցրել է՝ 1.5 տարի առաջ՝ մինչև կորոնավիրուսի համավարակի տարածումը նախարարությունն արդեն սկսել էր առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի ուղղությամբ աշխատանքները, նախագիծը մշակել էին, շրջանառել, սկսել քննարկումները, սակայն համավարակի, պատերազմի ընթացքում այդ աշխատանքները դանդաղել էին: Վերջերս աշխատանքներն ակտիվացել են, վերահաշվարկ է իրականացվել, քանի որ փոփոխություններ են եղել բժշկական ծառայությունների գներում, պետպատվերի ծրագրերում:

«Հիմա արդեն վերջնականացնում ենք հայեցակարգը, որը նորից քննարկումների փուլ ենք դնելու: Այդ քննարկումների փուլը ենթադրում է ոչ միայն կառավարության անդամների, գործընկերների հետ քննարկումներ, այլ նաև՝ մասնագիտական շրջանակների, միջազգային գործընկերների: Նախկին քննարկումների ընթացքում բարձրաձայնվել են մի քանի հարցեր, որոնց լուծումները մենք պետք է հիմա փորձենք տալ և վերջնական տարբերակն ուղարկենք կառավարություն», – ասել է Նանուշյանը:

Ենթադրվում է, որ աշխատողներն իրենց ամսական աշխատավարձից որոշակի գումար փոխանցելու են ապահովագրական ֆոնդ և դրանով ապահովագրելու են իրենց առողջությունը:  Դա կկոչվի առողջության հարկ, թե ապահովագրավճար, դեռ հստակ չէ: «Մարդիկ հիվանդանալիս կատարում են մեծ, աղետալի ծախսեր, հաճախ նրանք պատրաստ չեն այդ ծախսերն իրականացնել: Այս ճանապարհը թույլ է տալու մարդկանց ստանալ անվճար ծառայություններ, որոնց համար իրենք արդեն իսկ վճարել են տարիների, ամիսների ընթացքում՝ իրենց աշխատավարձից», – ասել է փոխնախարարը:

Ընդ որում՝ քաղաքացիներն այդ անվճար ծառայությունները ստանալու են ոչ միայն աշխատելու ընթացքում, այլ նաև, երբ կենսաթոշակի անցնեն ու չաշխատեն: Իսկ թե քաղաքացիներն ինչ չափով կանխավճար պետք է անեն, այսինքն` աշխատավարձից քանի տոկոս պետք է պահվի, դեռ քննարկվում է: Նանուշյանը հիշեցրեց՝ 1.5-2 տարի առաջ հաշվարկել էին, որ դա կարող է տատանվել 3-6 տոկոսի շրջանակներում, բայց հիմա վերահաշվարկ է արվում: «Տոկոսը հնարավոր է փոխվի՝ ելնելով մի քանի գործոններից: Պետությունն այս 2 տարվա ընթացքում իր վրա է վերցրել մի շարք ծառայություններ, դրանց համար վճարում է արվում պետբյուջեից, մյուս կողմից էլ՝ բժշկական ծառայությունների գների մեջ են փոփոխություններ եղել»,-ասաց փոխնախարարը:

Տոկոսի չափը կախված է նաև նրանից, թե ինչպիսին կլինի բժշկական ծառայությունների փաթեթը:

Նանուշյանը վստահեցրել է՝ նախատեսել են, որ լինելու է ներկայումս ՀՀ-ում առկա բոլոր ապահովագրական փաթեթներից լավագույնը: Լինելու են ամբողջական ծառայություններ, այս պահի դրությամբ փաթեթից դուրս են մնացել օրինակ ստոմատոլոգիական որոշ ծառայություններ, պլաստիկ վիրահատություններ, որոշակի կոմֆորտային ծառայություններ՝ օրինակ, երբ քաղաքացին ցանկանում է առանձին պալատում մնալ: Դրանք պետք է իրականացվեն կամավոր ապահովագրական փաթեթների միջոցով: Այսպիսով` փաթեթում ընդգրկվող ծառայությունների քանակից է կախված տոկոսի չափը:

Փոխնախարարը շեշտել է՝ առողջության ապահովագրության նպատակն է բոլորին հասանելի դարձնել առողջապահական ծառայությունները:

«Պետությունն այսօր մինչև 18 տարեկանների համար վճարում է բոլոր ծառայությունների համար: 18-ից մինչև կենսաթոշակային տարիքի անձինք իրենք են գումարն աշխատում, բայց ավելի քիչ են սպառում բժշկական ծառայությունները, իրենց հիվանդանալու ռիսկն ավելի ցածր է: Ռիսկը մեծանում է ավելի շատ կենսաթոշակային տարիքի հասնելուց, 65 տարեկանից բարձրերի մոտ ավելի շատ են հիվանդություններ հանդիպում, բայց, քանի որ իրենց եկամուտն այլևս այդքան բարձր չէ, ավելի շատ են այդ ռիսկի առաջ կանգնում, որ հիվանդանալու դեպքում պետք է մեծ, աղետալի ծախսեր անեն, իրենց հարազատները պետք է վճարեն: Մեր նպատակն է, որ կյանքի ընթացքում մարդն ապահովագրված լինի և կարողանա ստանալ բժշկական որակյալ ծառայություններ», – ասել է փոխնախարարը:

Նա նկատել է՝ շատերն այսօր բժշկական ծառայություններից օգտվելու համար բնակարան են վաճառում, պարտքեր են կուտակում: Շատերն էլ չեն դիմում, զբաղվում են ինքնաբուժմամբ, որովհետև հասկանում են, որ չեն կարողանա փակել այդ ծախսերը, հետո արդեն ավելի բարդացած վիճակում հասնում առողջապահական համակարգ:

«Մեր խնդիրն է, որ մարդը վստահ լինի, որ ինքն արդեն իսկ կանխավճարն արել է, վճարել է այդ ծառայությունների համար և որևէ խոչընդոտ չունի՝բժշկական կենտրոն դիմելու համար»,- ասել է Նանուշյանը:

Պետությունը շարունակելու է վճարել այն ծառայությունների համար, որոնց համար արդեն իսկ վճարում է, այսինքն` գործող անվճար բժշկական ծառայությունները պահպանվելու են: Պետությունը որքան ավելի շատ մասնակցի այդ ծառայությունների ֆինանսավորմանը, այնքան քաղաքացու վճարի մասնաբաժինը՝ տոկոսը փոքր կլինի: Քննարկման փուլում է նաև առողջության ապահովագրավճարի համար գործատուի մասնակցության չափը:

«Երկրները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում: Կան երկրներ, երբ վճարն ամբողջությամբ աշխատողն է վճարում, կան երկրներ՝ ամբողջությամբ գործատուն, կան երկրներ էլ, որտեղ որոշակի համամասնությամբ կիսվում է դա: Մենք կարծում ենք, որ գործատուն միանշանակ պետք է մասնակցություն ունենա իր աշխատողի առողջության պահպանման մեջ: Դա նաև սոցիալական պատասխանատվության մաս է», – ասել է Նանուշյանն ու հավելել, որ հստակ առաջարկի մասին կարող են հայտնել միայն քննարկումների ավարտին:

Իսկ թե չաշխատող անձանց հարցը ինչպես է լուծվելու, աշխատողները պետք է վճարեն նաև չաշխատողնե՞րի համար՝ փոխնախարարն ասաց, որ այդ հարցը ևս քննարկումների փուլում է: Պետք է վերջնական քննարկեն և որոշեն:

«Մենք ունենք գործազուրկների, ուսանողների, ինքնազբաղվածների խնդիր: Այս խմբերի համար լուծումները պետք է վերջնականացնենք՝ հիմնվելով աշխարհում արդեն կիրառված արդյունավետ մեխանիզմների վրա», – ասել է նա:

Պետությունը դեռ հստակ չի որոշել՝ առողջության պարտադիր ապահովագրության համակարգը կներդրվի միանգամից ամբողջ բնակչությա՞ն համար, թե՞ փուլային տարբերակով: Դեռ քննարկումներ են ընթանում: «Մասնագիտական կարծիքները կիսվում են: Մի մասը կողմ է, որ մենք միանգամից ներդնենք: Երբ ամբողջ բնակչության համար ես ապահովագրություն անում, դա նշանակում է, որ այդ բնակչության մեջ են և հիվանդները, և առողջները, և աղքատները, և հարուստները, այսինքն՝ ռիսկը բաշխվում է բոլորի միջև»,-ասաց Նանուշյանը:

Փոխնախարարը վստահ է՝ այսօր քաղաքացիներն ավելի շատ բեռ են կրում, երբ հիվանդանալիս դիմում են բժշկական ծառայության, քան այն բեռը, որ կկրեն՝ այդ կանխավճարները տալով: «Դա լինելու է փոքր գումարի չափով, այդքան բեռ չի լինելու»,-ասաց նա:

Երբ հայեցակարգը հաստատվի, կսկսվեն օրենքի նախագծի մշակման աշխատանքները: Նախատեսվում է, որ համակարգը պետք է ներդրվի 2023-ից:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:09
03 Սեպտեմբերի 2021
Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենը ուսուցչուհուց կաշառք է պահանջել, ձայնագրությունը հայտնվել է համացանցում․ միջադեպին արձագանքել է ԿԳՄՍՆ-ն (Ձայնագրություն)
«Ինչի՞ համար պիտի 300-400 հազար փող ստանաս»․ Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենը ուսուցչուհուց կաշառք է պահանջել, ձայնագրությունը հայտնվել է համացանցում․ միջադեպին արձագանքել է ԿԳՄՍՆ-ն.Ձայնագրություն
17:29
03 Սեպտեմբերի 2021
Էլեկտրաէներգետիկ վիճակը Հայաստանում կայուն է, բայց լարված. մանրամասնում է փորձագետը
Էլեկտրաէներգետիկ վիճակը Հայաստանում կայուն է, բայց լարված. մանրամասնում է փորձագետը
14:11
03 Սեպտեմբերի 2021
Որքա՞ն են պահպանվում COVID-19–ի հակամարմինները.ԵՊԲՀ–ն ներկայացնում է հետազոտությունների ուշագրավ արդյունքները
Որքա՞ն են պահպանվում COVID-19–ի հակամարմինները.ԵՊԲՀ–ն ներկայացնում է հետազոտությունների ուշագրավ արդյունքները
12:34
03 Սեպտեմբերի 2021
Կամ պատվաստում, կամ ՊՇՌ թեստ. ո՞ր ոլորտներին են վերաբերում սահմանափակումները (ՎԻԴԵՈ)
Կամ պատվաստում, կամ ՊՇՌ թեստ. ո՞ր ոլորտներին են վերաբերում սահմանափակումները.ՎԻԴԵՈ
11:10
03 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 595 նոր դեպք, 488 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 595 նոր դեպք, 488 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
21:25
02 Սեպտեմբերի 2021
Որո՞նք են COVID-19–ի դեմ պատվաստումների բժշկական հակացուցումները.պարզաբանում է ԱՆ–ն
ԱՆ–ն պարզաբանում է, թե որոնք են COVID-19–ի դեմ իրականացվող պատվաստումների բժշկական հակացուցումները
15:09
02 Սեպտեմբերի 2021
Այսօր 5 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
Այսօր 5 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
14:54
02 Սեպտեմբերի 2021
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում 4 պատվաստված քաղաքացի կառողացել է հաղթահարլ COVID-19–ն` ունենալով ծանր առողջական խնդիրներ
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում 4 պատվաստված քաղաքացի կառողացել է հաղթահարլ COVID-19–ն` ունենալով ծանր առողջական խնդիրներ
13:47
02 Սեպտեմբերի 2021
Արարատի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով 30 տուժածներից 4–ը վերակենդանացման բաժանմունքում են
ԱՆ–ն տեղեկություններ է հայտնում Արարատի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մասին
12:28
02 Սեպտեմբերի 2021
Հայաստանում հայտարարվում են նոր եռամսյա վարժական հավաքներ
Հայաստանում հայտարարվում են պահեստազորայինների նոր եռամսյա վարժական հավաքներ
12:02
02 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսով վարակված 20 և 28 տարեկան երիտասարդներից մեկը մահացել է. նախարար (ՎԻԴԵՈ)
Կորոնավիրուսով վարակված 20 և 28 տարեկան երիտասարդներից մեկը մահացել է. ՎԻԴԵՈ
11:18
02 Սեպտեմբերի 2021
Կանգնած ենք համահայկական փորձության առջև.ՀՀ նախագահն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30–ամյակի առթիվ
Կանգնած ենք համահայկական փորձության առջև.ՀՀ նախագահն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30–ամյակի առթիվ