«Հայաստանն» ու «Պատիվ ունեմը» դիմել են ՍԴ՝ վիճարկելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու սահմանադրականությունը

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու 2021թ. օգոստոսի 2-ի ԱԺ որոշման սահմանադրականությունը։
Այս մասին նշվում է «Հայաստան» դաշինքի Facebook-յան էջում։
ՍԴ-ում որպես ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հայաստան» դաշինքն, Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրությունն անվավեր ճանաչելու հարցով, կդիմի Սահմանադրական դատարան։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ խմբակցությունում վստահ են, որ Ազգային ժողովի խոսնակի ընտրությունը տեղի է ունեցել կանոնակարգի կոպիտ խախտումներով։
Օգոստոսի 2-ին Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ նախագահ։ Ընտրություններին մասնակցեցին միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորները, ովքեր միաձայն ընտրել էին Ալեն Սիմոնյանին։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին խոսնակի ընտրությունները։ Ընդդիմության պատգամավորներն ԱԺ խոսնակների պաշտոնին առաջադրել էին Մեղրիի և Սիսիանի կալանավորված քաղաքապետեր Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները։ Նրանք պահանջել էին ապահովել իրենց թեկնածուների ներկայությունը։-0-